17:39 | 08.05.23 | Նորություններ | 1977

Հայկ Չոբանյանը՝ ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը թողնելու մասին

Հայկ Չոբանյանը մեկնաբանել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի պաշտոնը թողնելը։

«Որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի եւ նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության եւ համագործակցության համար: Վստահ եղեք, որ ներկա կարգավիճակում եւս ես շարունակելու եմ աջակցել եւ առաջ մղել Միության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։ Նրանք մնում են ինձ համար առաջնահերթություն, եւ ես ջանասիրաբար կաշխատեմ ապահովելու նրանց շարունակական հաջողությունը:

Անցնելով խորհրդատվական աշխատանքի՝ հասանելի եմ բոլորիդ։ Շարունակենք միասին աշխատել՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին եւ կարեւոր ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա»,- նշել է նա:

Վարչության արտահերթ նիստի որոշմամբ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել միության փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։

Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ առաջնորդությամբ։