16:52 | 02.05.23 | Նորություններ | 1845

Հայտնի են Դիջիկոդ 2023-ի հաղթողները

«Դիջիկոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլին հայտնի են դարձել Հայաստանի զարգացման կոդը ստեղծող պատանիների անունները։

Մրցույթին Հայաստանի տարբեր մարզերից 20-ից ավելի թիմ ներկայացրեց ստեղծած նախագծերը՝ «Աղուես» ծրագրով, զուգահեռ 30-ից ավելի պատանի մասնակցեց «Կրիայ» եւ «Փայթըն» ծրագրերի օլիմպիադաներին, ինչպես նաեւ «IoT բանացանց» անվանակարգում, ինչը այս տարի տեղի ունեցավ առաջին անգամ։

ԴիջիԿոդի ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Փինսայթս ընկերության հետ ստորագրել է հուշագիր՝ IoT համակարգերի իրական նախագծերում պատանի ծրագրավորողներին ներգրավելու համար։

«Կրիայ ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգում 5-6-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Արեգ Մելիքյանը՝ Բերդի թիվ 1 հիմնական դպրոցից։

7-9-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել միաժամանակ 3 լավագույն աշակերտները՝ Մանուկյան Ռոբերտը՝ Ֆիզմաթ դպրոցից, Ստեփանյան Մանեն՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցից եւ Իսրայելյան Արինեն՝ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցից։

10-12-րդ դասարանների տարիքային խմբում՝ Հակոբ Այվազյանը՝ Գյումրիի Օյունջյան դպրոց վարժարանից։

«Փայթըն ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգի միջին դպրոցականների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Հայուհի Միքայելյանը՝ Գավառի ավագ դպրոցից, իսկ ավագ դպրոցականների տարիքային խմբում՝  Հայկ Ավալյանը՝ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցից։

«Վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում միջին դպրոցականների տարիքային խմբում հաղթել է Կարինե Ղազարյանը՝ Գոշի միջնակարգ դպրոցից, իսկ ավագ դպրոցականների տարիքային խմբում՝ Անուշ Հակոբյանը՝ Էջմիածնի Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից։ «Ինստիգեյթ Մոբայլ» կազմակերպությունից խրախուսական մրցանակներ են ստացել Կոլյա Բարիկյանը եւ Գոռ Պետրոսյանը՝ Սարահարթի միջն. դպրոցից։

«Համակարգչային խաղ» անվանակարգի միջին դպրոցականների տարիքային խմբում լավագույնն են ճանաչվել Նարե Անտաշյանը եւ Վիկտորիա Կիլինլարիդուն՝ Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցից։ Ավագ դպրոցականների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Էմին Դավթյանը՝ Կապանի թիվ 2 ավագ դպրոցից։ Ժյուրիի անդամ Վահե Ասլոյանի կողմից խրախուսական մրցանակ է ստացել Ռոբերտ Դոխոյանը՝ Վանաձորի թիվ 5 դպրոցից, իսկ «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության կողմից՝ Գարիկ Առաքելյանը եւ Գայանե Բաղդասարյանը՝ Էջմիածնի Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից։

«IoT բանացանց» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գոռ Միրզոյանը «Ֆիզմաթ» դպրոցից։ «Փինսայթ» կազմակերպության կողմից խրախուսվել են Սառա Քամալյանը եւ Էմիլյա Մխիթարյանը՝ Իջեւանի վարժարանից։

«Փայթըն ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գրիշա Խուրշուդյանը։ «Փինսայթ» կազմակերպության կողմից խրախուսվեցին Հրաչյա Սարուխանյանը, եւ Արթուր Մկրտիչյանը՝ Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցից։

Այս տարի մրցույթն իրականացվել է 8-րդ անգամ։ ԴիջիԿոդի հիմնական նպատակն է խրախուսել եւ զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին եւ հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:

Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ ԱրարատԲանկի հովանավորությամբ։