12:56 | 28.04.23 | Նորություններ | 7647
Հունիսի 19-22-ին Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023-ի մասնակիցների համար կազմակերպվել են մի շարք այցելություններ առաջատար կրթական, ֆինանսական հաստատություններ, նյույորքյան ստարտափներ ու վենչուրային ընկերություններ:
Գագաթնաժողովի մասնակիցներին կհյուրընկալի Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարանը: Ռուզվելտ կղզու առաջատար այս համալսարանում շրջայցը կգլխավորի Runway and Spinouts ծրագրի տնօրեն Ֆերնանդո Գոմես-Բաքուերոն: Ֆերնանդոյի հետազոտությունները կենտրոնացած են էներգիայի պահպանման կիրառման համար առաջադեմ նանոնյութերի, նանոտեխնոլոգիաների տնտեսական ազդեցության եւ տեխնոլոգիական ձեռներեցության վրա: Jacobs-ը հիմնադրվել է Technion-Israel տեխնոլոգիական ինստիտուտի եւ ամերիկյան Cornell University-ի կողմից, որը 20-րդն է համալսարանների համաշխարհային վարկանիշում:
Գագաթնաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան նաեւ շրջայց կատարելու We Work-ում, որի տարբեր տարածքներում գործում է Fortune 500 հաջողակների ցանկում ընդգրկված ընկերությունների մեկ երրորդը՝ Microsoft-ը, UBS-ը, Pinterest-ը եւ այլն: Այցելության մեկ այլ հասցե է բիզնեսի եւ միջոցառումների հեղինակավոր ակումբը՝ Նյու Յորքի Harvard Club-ը:
Orion Summit 2023-ը տեղի կունենա «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: Գագաթնաժողովին մասնակցելու համար կարելի է գրանցվել պաշտոնական կայքի միջոցով: