15:57 | 25.04.23 | Նորություններ | 7227

Արարատի մարզում ներդրվել է «Էլեկտրական հովիվների» ծրագիրը

Ֆերմերային տնտեսություններին աջակցելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքին են տրամադրել ժամանակակից տեխնոլոգիաներով «էլեկտրական հովիվներ»:


«Վիվա-ՄՏՍ-ը տեխնոլոգիական առաջատար է հեռահաղորդակցության ոլորտում: «Էլեկտրական հովիվների» ծրագիրն ապահովում է փոխադարձ պաշտպանվածություն: Պահպանելով վայրի կենդանիներին՝ ֆերմերները պաշտպանվում են նույն այդ կենդանիների հնարավոր հարձակումներից: Համատեղ այս ծրագրի գաղափարը տնտեսություններին ոչ միայն ինչ-որ առարկայական գործիք տրամադրել է, այլեւ ավելի խորքային նայելու դեպքում, կարելի է ասել՝ փորձում ենք նպաստել գյուղատնտեսական մշակույթի ձեւավորմանը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Նվիրաբերված «Էլեկտրական հովիվները» կօգնեն կանխել ֆերմերային տնտեսություններին հասցվող վնասը: Դրանք հարմար են ճկուն կիրառման՝ տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների եւ հեռագնա արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Համակարգն ունի առավելություն. տեղափոխվում է հեշտությամբ, ապահովում է լոկալ կիրառում, աշխատում է բարձր լարումով, բայց հոսանքի՝ թույլ ամպերաժով: Դա թույլ է տալիս բացառել կենդանիներին ֆիզիկապես վնասելու հավանականությունը:

«Էլեկտրական հովիվ» օգտագործող ֆերմերը կարող է նաեւ 10-15 րոպեում ցանկապատել 7500 քմ տարածք: Համակարգը բաղկացած է արեւային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, գեներատորից եւ արագ մոնտաժվող ու ապամոնտաժվող 300 գծամետր ցանկապատից: