17:00 | 23.03.23 | Նորություններ | 9784
Վիվա-ՄՏՍ-ի եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող ծրագրի արդյունքում Բերդավանում բնակվող Աիդայի ընտանիքի եւ երեխայի կյանքի որակը փոխվել է։
Չորս անչափահասի երիտասարդ մայրը, հանգամանքների բերումով, հրաժարվել է հիմնական մասնագիտությունից: Նա ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է զավակներից մեկի՝ Սմբատի խնդրին: Մանկական ուղեղային կաթվածով երեխան ունի անհրաժեշտ գիտելիք եւ հմտություն պահանջող անհատական օգնականի աջակցության կարիք:
Թիրախային աջակցության արդյունքում չորս ամսվա (շաբաթական 15 ժամ) աշխատանքի ընթացքում ընտանիքին կցված անհատական օգնականին հաջողվել է Սմբատի մոտ բարելավել մանր մոտորիկան, հիշողությունը եւ միջավայրին ինտեգրվելու ցանկությունը: Երեխան սիրում է շփվել եւ կրթվել, ներառական կրթության շրջանակում էլ անհատական օգնականի ուղեկցությամբ՝ հաճախել դպրոց:
Վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր մարզերում բնակվող 20 ընտանիք օգտվել է անհատական օգնականների աջակցությունից եւ զգալի հաջողություն արձանագրել:
Ավելի քան յոթ տարի Վիվա-ՄՏՍ-ի եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող ծրագիրը կարեւոր է թիրախային խմբում ընդգրկված երեխաների եւ նրանց ընտանիքների համար:
Հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաների մոտ արձանագրվում է դրական տեղաշարժ, իսկ նրանց ընտանիքներում ծրագրի իրականացման 4 ամսվա ընթացքում զգալի չափով թեթեւանում է խնամող ծնողի հոգսաշատ առօրյան:
«Մեզ համար կարեւոր էր մեծացնել անհատական օգնականների աջակցության աշխարհագրությունը եւ հասնել նաեւ մարզեր: Անհատական օգնականների ընտրությունը, վերապատրաստումը, աշխատանքի վերահսկողությունը, ծնողի հետ կապը, ամեն մի երեխայի համար անհատական զարգացման եւ խնամքի ծրագիր գրելը կազմակերպվում է փորձագիտական բազմամասնագիտական թիմի կողմից»,-ասել է «ՍՈՐՍ»-ի հիմնադիր տնօրեն Մարինա Պառազյանը: