17:30 | 14.03.23 | Նորություններ | 1915

ԵՊՀ-ն Դիջիթեքին ներկայացրել է գիտական նվաճումներն ու ՍԹԵՄ դպրոցը

Մարտի 10-12-ը կայացած «ԴիջիԹեք-2022» ամենամյա ցուցահանդեսին Երեւանի պետական համալսարանը ներկայացել է իր մի քանի ստորաբաժանումով։

ԵՊՀ տաղավարում ներկայացված էին կենսաբանության, մաթեմատիկայի եւ մեխանիկայի, քիմիայի, փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետները, ֆարմացիայի եւ ֆիզիկայի ինստիտուտները, ինչպես նաեւ «AI Lab» արհեստական բանականության լաբորատորիան։

ԵՊՀ տաղավարի շուրջ այցելուները հնարավորություն ունեին VR (վիրտուալ իրականության) ակնոցի միջոցով տեսնելու ԵՊՀ գիտնականների նախապես կատարած գիտափորձերը, ծանոթանալ համալսարանի առաջարկած կրթական ծրագրերին, բուհում կրթության կազմակերպման գործընթացին, լաբորատոր սարքավորումներին ու դրանց ընձեռած հնարավորություններին։

Հատկապես տպավորիչ էին ԵՊՀ գիտնականների պատրաստած ջրածնի ցածր կոնցենտրացիաներ հայտնաբերող նանոկառուցվածքային սենսորները, քիմիկոսների ներկայացրած նյութաստեղծման գործընթացը, մեքենայական ուսուցման նորագույն նվաճումները, հոգեբանների անցկացրած թեստերն ու կատարած վերլուծությունները։

Այդ ամենից զատ` համալսարանականները գունաչափման մեթոդով դիտարկում էին հայկական տարբեր դեղաբույսերի ու բույսերի հակաօքսիդանտային եւ հակառադիկալային հատկությունները:

ԵՊՀ-ն նաեւ ներկայացնում էր իր ՍԹԵՄ դպրոցի ընդունելության, դասապրոցեսի կազմակերպման, կրթական ուղղվածության, առարկայացանկի եւ առարկայական ծրագրերի, դասավանդողների եւ այլ թեմաների վերաբերյալ տեղեկություններ։