17:32 | 06.03.23 | Հոդվածներ | exclusive 9642

Էդուարդի պատմությունը. Վանաձորի «Յանդեքսի» դպրոցից՝ ԵՊՀ եւ VOLO

Դպրոցում մաթեմատիկան ու ֆիզիկան Էդուարդի համար առաջին տեղում էին։ Երբ իմացավ, որ դրանք նաեւ ծրագրավորման մեջ են կիրառում, որոշեց՝ ապագա մասնագիտության հարցը լուծված է. «Մտածեցի երեքը մեկում համատեղել»։

Վանաձորում հիմնական դպրոցն ավարտելուց հետո Էդուարդը Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոց է ընդունվել։ Ծանոթ դասախոսի օգնությամբ սկսել է ուսումնասիրել ծրագրավորման «C++» լեզուն։ Հետաքրքրությունը կար, բայց քայլեր անելու համար համապատասխան միջավայր էր անհրաժեշտ։

«11-րդ դասարանում էի, երբ Վանաձորում բացվեց «Յանդեքս»-ի ծրագրավորման դպրոցը։ Դրա մասին իմանալը դժվար չէր, որովհետեւ մեր դպրոցը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողքին է, ու էնտեղ ինչ կատարվում էր, մենք անմիջապես իմանում էինք»։

Էդուարդ Ամիրբեկյանը Էդուարդ Ամիրբեկյանը
photo © Մեդիամաքսի


Էդուարդ Ամիրբեկյանը «Յանդեքս» ընկերության ծրագրավորման դպրոցի առաջին մասնակիցներից ու շրջանավարտներից է։ Ընտրվել է մրցույթով ու մեկ տարի անվճար սովորել «Յանդեքս»-ի տվյալների վերլուծության դպրոցի մշակած ծրագրով։

«էնտեղ սովորեցի ծրագրավորման Python լեզուն։ Բայց դա միայն լեզու սովորել չէր, այլ գիտելիք՝ ինչպես ծրագրավորել, ինչպես մոտենալ խնդրի լուծմանը, տարբեր ալգորիթմներ, մոտեցումներ ուսումնասիրեցինք։ Հետագայում դա ինձ շատ օգնեց։

Էդուարդ Ամիրբեկյանը Էդուարդ Ամիրբեկյանը
photo © Մեդիամաքսի


Համալսարանում ծրագրավորման առարկաների հետ կապված խնդիր ընդհանրապես չեղավ, ինձ համար ավելի հեշտ էր, քան՝ այն մարդկանց, ովքեր ընդհանրապես գաղափար չունեին»։

Էդուարդն ավարտել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, հիմա համալսարանի ՏՏ կրթական եւ հետազոտական կենտրոնի մագիստրատուրայում է սովորում։ Ապրում է Երեւանում ու սովորելուն զուգահեռ  աշխատում է՝  փորձելով գտնել ծրագրավորման ոլորտի՝ իրեն հոգեհարազատ ուղղությունը։

Էդուարդ Ամիրբեկյանը Էդուարդ Ամիրբեկյանը
photo © Մեդիամաքսի


««Ծրագրավորում» շատ ընդհանուր է ասված, որովհետեւ շատ ոլորտներ ունի՝ տվյալագիտություն, վեբ ծրագրավորում, սարքերի ծրագրավորում։ Ընտրությունը մեծ է։ Ես ինձ տարբեր ոլորտներում եմ փորձել, ամեն տեղից մի բան քաղել եմ, մինչեւ հասկացա, որ իմը վեբ ծրագրավորումն է։ Ապահովում եմ վեբ կայքերի դիզայնի ֆունկցիոնալությունը։ Դա ինձ դուր է գալիս, որովհետեւ այն, ինչ անում եմ, գոնե ինձ համար տեսանելի է»։

3 տարվա փնտրտրուքներից հետո՝ հիմա Էդուարդն աշխատում է VOLO-ում։ Թեեւ այս ոլորում մասնագետների պահանջարկ միշտ կա, բայց մրցունակ լինելու համար, ասում է, պետք է հետեւել ոլորտի զարգացմուներին, նոր գիտելիքներ ստանալ։

Էդուարդ Ամիրբեկյանը Էդուարդ Ամիրբեկյանը
photo © Մեդիամաքսի


«ՏՏ ոլորտը որոշակի առումով գերագնահատված է»,-ասում է Էդուարդը. որքան էլ արհեստական բանականությունը զարգանա, միեւնույն է, կան մասնագետներ, որ անփոխարինելի են, ինչպես՝ ուսուցիչը կամ միջուկային ֆիզիկոսը։ Ինքն ունի ընկերներ, որոնք մասնագիտությունը փոխել ու ՏՏ ոլորտ են մտել։ Բայց, ասում է, ճանաչում է նաեւ ծրագրավորողների, որ իրենց աշխատանքից հոգնել ու որոշել են, օրինակ, ուսուցիչ դառնալ։

Ինքն իր աշխատանքով բավարարված է, այլ մասնագիտության մասին չի մտածում։ Անգամ աշխատանքի բացասական կողմերի մասին է սիրով խոսում։

«Ամենամեծ խնդիրն էկրանի դիմաց երկար նստելն է։ Բայց ես արդեն սովորել եմ դրան։ Բավականին ժամանակատար է, կարող է՝ մի խնդիր լինի, որը պետք է շտապ լուծել, ու նույնիսկ ոչ աշխատանքային օր մինչեւ կեսգիշեր նստես, աշխատես»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի