17:41 | 03.03.23 | Հոդվածներ | exclusive 5834

BANA Angels. ռեբրենդինգը, The Factory-ն, սինդիկատ ներդրումներն ու ծրագրերը

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA) ռեբրենդինգ է իրականացրել՝ անվանակոչվելով BANA Angels եւ սահմանել գործունեության երեք ուղղություն։

Ներդրումներ, ՏՏ էկոհամակարգի զարգացում եւ ստարտափների համար նոր կրթական ծրագիր. այս ուղղությունների, ռեբրենդինգի անհրաժեշտության եւ նոր ծրագրերի մասին iTel.am-ին պատմել են BANA Angels-ի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը եւ The Factory-ի գործադիր տնօրեն Մանանա Մելքոնյանը։

Ռեբրենդինգի անհրաժեշտությունն ու նպատակը

Գրիգոր. Ի սկզբանե BANA-ն ստեղծվել էր ներդրումների նպատակով, սակայն թիմը գործունեություն էր ծավալում տարբեր ուղղություններով՝ կրթական, միջոցառումների կազմակերպում, ՏՏ համայնքի հետ կապերի զարգացում։ Յուրաքանչյուրն իր հերթին բավականին ծավալուն էր ու որոշեցինք ամեն ուղղություն ավելի նպատակային դարձնելու ու լավ զարգացնելու համար տարանջատել. Business Angel Network of Armenia-ն դարձավ BANA Angels, որը կզբաղվի զուտ ներդրումներով, իսկ կրթական ու համայնքային էկոհամակարգի զարգացման գործունեությունն առանձին The Factory-ի մաս կկազմի։

Սոնա․ Ռեբրենդինգի ընթացքում չենք փոխել հիմնական խորհրդանիշ փղիկը, սակայն այն մի փոքր ձեւափոխվել է։ Ասում ենք՝ փղիկը մարզասրահ է գնացել ու ավելի հավաք տեսք ստացել։ Գունային փոփոխություն ենք կատարել եւ մեր տարբերանշանում օգտագործել «royal blue»-ն։



The Factory-ն ստարտափների գործարան ու ՏՏ համայնքի տուն

Մանանա․ The Factory-ն կդառնա ինովացիոն հաբ, որտեղ հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի ներկայացուցիչները կհամախմբվեն տարբեր ծրագրերի, միջոցառումների ու հանդիպումների շուրջ։

Որոշեցինք վայրն անվանել The Factory, որը բառի բուն իմաստով կլինի գործարան, ուր կծնվեն նոր գաղափարներ, նախագծեր, թիմեր, ստարտափներ ու ներդրումային հնարավորություններ։

The Factory-ի առաջին նախաաքսելերացիոն կրթական ծրագիրը կմեկնարկի մարտին, որը միտված է հայկական եւ տարածաշրջանային ստարտափներին կողմնորոշելու, ուղղորդելու դեպի միջազգային՝ մասնավորապես ԱՄՆ շուկա։
Մեկ շրջափուլում կընդգրկվի մինչեւ 10 ստարտափ։ Տեւողությունը կլինի 6 ամիս, որի ընթացքում կանցկացվի մոտ 20 շաբաթվա դասընթաց, որոնք թե՛ ԱՄՆ շուկայի հետաքրքիր ստարտափների փորձի, հաջողության մասին են, թե՛ հենց բիզնես զարգացման՝ մարքեթինգ, PR, վաճառքներ:

Մանանա Մելքոնյանը Մանանա Մելքոնյանը
photo © Մեդիամաքս


Մասնակիցներից առաջնահերթ պահանջվում է անգլերենի իմացություն, որովհետեւ գործ ունենք ամերիկյան շուկայի հետ: Բացի այդ, նրանք պետք է ունենան MVP կամ գործող նախատիպ, չափելի արդյունքներ։  

Գրիգոր․ Հիմնական ու նախընտրելի ուղղությունները B2B, SaaS մոդելով ընկերություններն են։ Խիստ սահմանափակումներ չկան, քանի որ մեր գործընկերներն ավելի մասնագիտացված են հենց B2B ուղղությամբ։

Մանանա. Համագործակցում ենք ԱՄՆ-ում գործող աքսելերատորի հետ, որը մեր հիմնական գործընկերն է, կազմակերպելու ենք շաբաթական հանդիպումներ։ Մենտորները լինելու են նաեւ այստեղի հաջողակ ստարտափների ղեկավարներն ու ձեռներեցները, որոնք կկիսվեն իրենց անցած ճանապարհով, միջազգային շուկայում ունեցած փորձառությամբ։

Բացի այդ, տեղի ու ԱՄՆ իրավական դաշտում գործունեություն ծավալող գործընկերներ ունենք, որոնք կօգնեն թիմերին ամենապարզ հարցերից մինչեւ ամենաբարդ խնդիրների դեպքում։

The Factory-ի առաջին co-working-ը BANA Angels-ի գրասենյակում է՝ Formula Hub-ի 3-րդ հարկում, որտեղ դեռ կան ազատ տեղեր, եւ թիմերը կարող են դիմել։ Երկրորդ կենտրոնը ապրիլից կբացվի Եզ․ Կողբացի փողոցում։

Գրիգոր. The Factory-ն պլանավորում ենք աստիճանաբար ընդլայնել ողջ Հայաստանում. ցանկանում ենք այդկերպ ստեղծել յուրահատուկ միջավայր, տուն ՏՏ համայնքի համար, ուր հավաքվում են գաղափարակիցներն ու նույն «ալիքի» վրա գտնվող մարդիկ։ Համայնքն ակտիվ պահելու ու զարգացնելու գործում The Factory-ն կարեւոր դեր կունենա։

Գրիգոր Հովհաննիսյանը Գրիգոր Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս


Նոր շնչով շարունակում ենք #TalkAround հանդիպումների շարքը, որոնց ընթացքում գալիս են կոնկրետ թեմայով հետաքրքրված մարդիկ, մասնագետներ եւ շփվում միմյանց հետ, ձեւավորում համագործակցություններ, տեղեկանում ոլորտի նոր նախագծերի մասին։

BANA Angels-ի հնգամյա գործունեությունն ու սինդիկատ ներդրումները

Սոնա․ Նախկին 5 տարվա գործունեության ընթացքում ներդրում ենք իրականացրել 24 ստարտափում՝ ընդհանուր ավելի քան 3 մլն․ դոլար գումարով։ Հատկապես ակտիվ էր վերջին 2 տարին. ունենք Հայաստանից եւ արտասահմանից 50-ից ավելի հրեշտակ-ներդրող։ Ուշադրություն ենք դարձնելու մեր կապերի մեծացմանը, մեծ միջոցառումներ ու ծրագրեր ենք նախատեսում։ Փորձելու ենք միջազգային հրեշտակ ներդրողների հետ ավելի սերտ հարաբերություններ ու կապեր ստեղծել, փորձի փոխանակում ապահովել։

Ամեն ամիս փակ փիչինգ սեսիաներ ենք իրականացնում ու ներդրողներին յուրաքանչյուր սեսիային ներկայացրել ենք 3-4 ստարտափ։ BANA Angels-ի կայքում փիչինգ սեսիաներին գրանցվելու հնարավորությունը միշտ բաց է, ու ստարտափները կարող են ցանկացած ժամանակ դիմել։

2021 թվականից սինդիկատներ ենք կազմակերպում, որի մասին այս ընթացքում չէինք խոսել։ Հիմա արդեն 7-րդ սինդիկատ գործարքն ենք փակում։

Սոնա Վեզիրյանը Սոնա Վեզիրյանը
photo © Մեդիամաքս


Ստարտափները, որոնք ավելի զարգացած մակարդակի վրա են, քան վաղ փուլի (early stage) ստարտափները, սինդիկատների միջոցով հասանելի են դառնում հրեշտակ ներդրողներին։ Ձեւավորվում է միջին օղակ, որտեղ հավաքվում է ներդրումային ֆինանսն ու այդտեղից էլ արդեն կատարվում է ներդրումը ստարատափում։

Այս տարբերակը ստարտափներին ավելի ձեռնտու է, քանի որ բաժնետերերի ցուցակում չեն նշում փոքր գումարներով շատ ներդրողներ, այլ նշում են միայն մեկ անուն։ Գործընթացը հեշտանում է նաեւ հրեշտակ ներդրողների տեսանկյունից՝ նրանց հասանելի են դառնում նոր ստարտափներ։ Սկսնակ ներդրողների համար սա լավ տարբերակ է հրեշտակ ներդրումների մեջ քայլ անելու համար. այն կարող է մեկնարկային կետ դառնալ։

Իրականացնում ենք ստարտափ գտնելու, սինդիկատը կազմակերպելու ու նաեւ հետագա կառավարման գործընթացները: Ներդրողներին թարմացումներ ենք ուղարկում ստարտափների հաջողությունների, գործունեության հետագա զարգացման մասին։ Առաջին սինդիկատը CoinStats-ի մեջ ենք արել, նաեւ Zoomerang-ում։

Սոնա Վեզիրյանը եւ Մանանա Մելքոնյանը Սոնա Վեզիրյանը եւ Մանանա Մելքոնյանը
photo © Մեդիամաքս


Մեր թիմի կողմից ծավալային առումով շատ մեծ աշխատանք է տարվել, նախորդ տարի ընդգրկվել ենք AngelList-ում, որը սինդիկատների աշխարհի ամենամեծ հարթակն է ու այստեղ ամսական կտրվածքով հարյուրավոր գործարքներ են կատարվում։ Ներկայում այդ հարթակի սինդիկատներից մեկն ենք: Այս տարի արդեն 2 գործարք ենք իրականացրել։

BANA Angels-ի ընդլայնված թիմը

Գրիգոր. Վերջին 6 ամսում թիմը մեծացել է. արդեն 8 հոգի ենք։ Բաժանվել ենք ըստ ուղղությունների։ Ներդրումային մասը համակարգելու են Սոնան եւ Կարինեն, The Factory-ն՝ Մանանան ու Լանան, հանրային կապերի ու մարքեթինգի մասով պատասխանատու է մեր նոր թիմակից Սոնան: Կարինեն եւ Սիրուշը, ով նաեւ գործառնական գծով է պատասխանատու, կազմակերպում են #TalkAround hամայնքային հանդիպումները։  

Նունե Գրիգորյան