18:05 | 17.02.23 | Հոդվածներ | exclusive 4389

ViralMango. Ինֆլուենսերներին ու բիզնեսին մեկ հարթակում միավորող նոր ստարտափ

ViralMango-ն հարթակ է, որն արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ ինֆլուենսերներին կամ բովանդակություն ստեղծողներին կապում է ապրանքանիշերին: Հարթակում արդեն գրանցված են 60 հազարից ավելի ինֆլուենսեր եւ հարյուրավոր բիզնեսներ:

SmartClick AI-ի եւ ViralMango-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանն iTel.am-ի հետ զրույցում պատմել է նոր ստարտափի զարգացման, նպատակների, գովազդային շուկայի ու մանգոյի ծառեր տնկելու մասին։

SmartClick-ն ու ViralMango-ին միանալը

SmartClick-ում միշտ ուշադիր ենք նոր հնարավորությունների, նոր տեխնոլոգիաների ու ստարտափների հանդեպ։ Համարում ենք, որ SmartClick-ը գործարան է, որտեղ ծնվում են նոր պրոդուկտներ ու ստարտափներ։

photo © Մեդիամաքս


Մեկ ու կես տարի առաջ ընկերներից մեկը՝ The Crowdfunding Formula-ի հիմնադիր Նարեկ Վարդանյանն, ասաց՝ հետաքրքիր նախագիծ ունեն, զարգացնում են եւ կարելի է ավելի հզորացնել ԱԲ-ի միջոցով։ Առաջարկեց միանալ ու միասին իրականացնել։ Ինձ հետաքրքրեց, սկսեցի խորանալ այդ ուղղությամբ։ Նախագծի անունը ViralMango էր։

Ժամանակի ընթացքում նախագիծը վերցրեցինք ու ավելի մեծացնելով զարգացրինք՝ օժտելով արհեստական բանականության տեխնոլոգիաներով։

Գովազդի տրանսֆորմացիան ու ViralMango-ի դերը

Աշխարհի բիզնեսների մեծ մասը հիմնված է գովազդի վրա։ Կարող եք ամենալավ պրոդուկտը մշակել, բայց եթե ճիշտ գովազդ չարվի, դրա մասին պոտենցիալ հաճախորդները գուցե չիմանան, հետեւաբար, այն չի վաճառվի ու ստարտափը կձախողվի։ Գովազդը բավականին երկար ճանապարհ է անցել՝ սկսած թռուցիկներ փակցնելուց, թերթերից ու ռադիոյից մինչեւ թվային մարքեթինգ։ Այն անընդհատ ձեւափոխվում է։

photo © Մեդիամաքս


Ներկայում ստեղծվել է իրավիճակ, որ մարդիկ սկսել են սոցցանցերում գովազդը չնկատել ու դրանք աստիճանաբար կորցնում են իրենց ազդեցությունը։ Միաժամանակ հայտնվել են մարդիկ, որոնք ունեն շատ հետեւորդներ՝ ինֆլուենսերներ են, ու երբ իրենք ինչ-որ բան խորհուրդ են տալիս, տվյալ պրոդուկտի պահանջարկն ավելի է մեծանում: Վառ օրինակ է Քիմ Քարդաշյանը, երբ ինչ-որ կոսմետիկ միջոց էր գովազդում, բավականին արագ աճում էին դրա վաճառքները, բայց նույն միջոցն այլ հարթակներով գովազդելիս այդքան արդյունավետ չէր։ Այսպիսով, նոր ճյուղ հայտնվեց մարքեթինգում, որն ինֆլուենսեր մարքեթինգն է։

Մենք փորձում ենք գտնել բովանդակություն ստեղծող մարդկանց, որոնք ակտիվ են սոցցանցերում, ունեն լսարան եւ կազմակերպությունների, որոնք ցանկանում են՝ իրենց մասին խոսեն։ Այդ երկու կողմին կապում ենք միմյանց։

photo © Viral Mango


Աշխարհում արդեն 150 միլիոնից ավելի ինֆլուենսեր կամ բովանդակություն ստեղծող կա, եւ բիզնեսին դժվար է այդքանի միջից գտնել համապատասխան մեկին, որը կխոսի իրենց պրոդուկտի կամ ծառայության մասին։

Օգտագործելով արհեստական բանականությունը՝ փորձում ենք այդ խնդիրը լուծել՝ գտնելու ու առաջարկելու ամենահարմար, արդյունավետ ինֆլուենսերին։

photo © Viral Mango


Մենք հիմնականում աշխատում ենք նանո եւ միկրո ինֆլուենսերների հետ։ Նանո ինֆլուենսերներն ունեն 1000-ից 10 000 հետեւորդ, իսկ միկրո ինֆլուենսերներն ունեն 10 000-ից 50 000 հետեւորդ։ Այս ինֆլուենսերները լսարանի հետ կապն ավելի ակտիվ ու սերտ են պահում, քանի որ հասցնում են պատասխանել նամակներին, մեկնաբանություններին, այսպիսով, ավելի թիրախավորված ու արդյունավետ է դառնում գովազդը։

Հարթակին միանալն ու համագործակցությունը

Ինֆլուենսերները գրանցվում են կայքում, կցում իրենց Instagram-ի հաշիվն ու անցնում վերիֆիկացիա։ Մենք սկսում ենք վերլուծել, հասկանալ հետեւորդների քանակը, լսարանի առանձնահատկությունները, ակտիվությունը։ Գովազդի արժեքը որոշելու համար օգտագործում ենք արհեստական բանականությունը։ Մեկ տարվա ընթացքում բարդ ալգորիթմ ենք ստացել, որը հիմնվելով վիճակագրական տվյալների վրա՝ որոշում է յուրաքանչյուր ինֆլուենսերի գովազդի արժեքը։

photo © Մեդիամաքս


Մյուս կողմից էլ մեր հարթակում գրանցվում են կազմակերպություններն ու ներկայացնում այն պրոդուկտը, որը ցանկանում են գովազդել։ Բիզնեսին տալիս ենք գործիքներ ու հնարավորություն, որոնք թույլ կտան հազարավոր կոնտենտ ստեղծողներից ընտրել իրենց առավել համապատասխանին։ Օգնում ենք նաեւ ճիշտ լրացնել մարքեթինգային արշավի պրոֆիլը։  

photo © Մեդիամաքս


Բիզնեսների համար մեր հարթակից օգտվելու առավելություն է այն, որ վճարելով համեմատաբար քիչ գումար՝ ստանում են պատրաստի բովանդակություն. այն կարող են օգտագործել իրենց սոցիալական ալիքներում՝ առանց հեղինակային իրավունքների խախտման։ Իսկ եթե ունենային առանձին թիմ, որն այդ բովանդակությունը կստեղծեր, ավելի ժամանակատար ու թանկ կլիներ։ Ստացվում է, որ երկու կողմին «խոսեցնում» ենք նույն լեզվով:

photo © Մեդիամաքս


Որպեսզի այդ գործընթացներն ավելի հեշտացնենք, փորձում ենք ավտոմատացնել նաեւ մեր աշխատանքը:

ViralMango-ի թիրախն ու շուկան

Մեր թիրախն ամերիկյան շուկան է։ Հարթակում արդեն ունենք 60 հազարից ավելի գրանցված բովանդակություն ստեղծող եւ մի քանի հարյուր բիզնես։ Դա, սակայն, մեզ չի սահմանափակում եւ ըստ բիզնեսի պահանջների, մենք ներգրավում ենք նոր ու համապատասխան ինֆլուենսերների։

photo © Մեդիամաքս


Շուկան բավականին արագ աճող է։ Հայկական ինֆլուենսերներ ու բովանդակություն ստեղծողներ չունենք, բայց ունենք հայկական բիզնեսներ, որ աշխատում են միջազգային շուկայում։

Ներդրումներ

Սկսել ենք սեփական ներդրումներով, հիմա ներդրումային բանակցությունների գործընթացի մեջ ենք։ Աքսելերացիոն ծրագրերի չենք մասնակցել, բայց պլանավորում ենք այս տարի դիմել։ Դեռ ընտրության փուլում ենք մեզ ամենահամապատասխանը գտնելու համար։
 
Թիմն ու առաջիկա զարգացումը

Համահիմնադիրներն են The CrowdFunding Formula-ից Նարեկ Վարդանյանը, Մարիամ Համբարձումյանը, SmartClick-ի տեխնիկական տնօրեն Վահան Մարգարյանը եւ ես: Թիմում ընդհանուր 15 հոգի է, բավականին արագ աճում ենք։ Մեզ ավելի շատ պետք են ինֆլուենսերների հետ զրուցող մասնագետներ։

Ռեմ Դարբինյանը Ռեմ Դարբինյանը
photo © Մեդիամաքս


Մեր ստարտափի անունի հետ կապված հետաքրքիր ավանդույթ ունենք. տնկում ենք մանգոյի ծառեր՝ դեռ օֆիսային տարածքում։ Եթե հետագայում մենք էլ մեծանանք ու աճենք, առանձին մանգոյի ֆերմա կբացենք։

photo © Մեդիամաքս


Շուկան շատ արագ ձեւափոխվում է, այն, ինչ 2 տարի առաջ էր, հիմա ակտուալ չէ: Մեր խնդիրն է ճիշտ հասկանալ, թե ինչպես է ձեւափոխվում շուկան ու ըստ այդմ, մենք էլ համապատասխան ձեւով օգնենք երկու կողմին:

Նունե Գրիգորյան