14:45 | 06.03.23 | Նորություններ | 1900

Դիջիթեք համաժողովը կունենա ավելի քան 800 մասնակից

Մարտի 10-12 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենան «ԴիջիԹեք 2022» համաժողովը եւ տարածաշրջանում ամենածավալունը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։  

Կազմակերպիչները նշում են, որ համաժողովին գրանցվել է ավելի քան 800 մասնակից եւ այս պահին մնացել են սահմանափակ քանակությամբ տեղեր։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցում է շուրջ 30 խոսնակ 9 երկրից։

«Կոնֆերանսի օրակարգն ու հաստատված խոսնակների ցանկն այժմ վերջնական են, եւ սպասում ենք միջոցառման կայացմանը: Մեր նպատակն է կազմակերպել միջազգային տեխնոլոգիական կոնֆերանս ամբիցիոզ թեք պետությունների համար եւ վստահ եմ, որ հաջողությամբ իրագործում ենք մեր առաջ դրված խնդիրը»,- նշել է «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ եւ «Սենսյան» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Կոնֆերանսի հիմնական ծրագրին զուգահեռ՝ կան նաեւ լրացուցիչ սեսիաներ համաժողովի Full Network Pass ունեցող այցելուների համար։ «ԴիջիԹեքը» հայտարարել է առաջին «ԴիջիԹեք» վենչուրային կապիտալի արագ հանդիպումների փուլի մասին, որը տեղի կունենա մարտի 11-ի առավոտյան։ Full Network Pass տոմսերով ստարտափ հիմնադիրներն ու գործադիր տնօրենները կունենան հնարավորություն գրանցվելու 15-րոպեանոց «pitch սեսիաների» միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալիստներից մեկի հետ։

Ապա տեղի կունենա «Գրանատուս Վենչուրս»-ի «Իմփեքթ թեք» ներդրումային ֆորումը՝ «Դիջիթեք 2022» համաժողովի շրջանակում։ Այն եզակի հանդիպում է սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական մեծ ազդեցություն ունեցող ստարտափների, ներդրողների եւ տեխնոլոգիական արդյունաբերության հիմնական խաղացողների համար: Ֆորումի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են լուծել համաշխարհային մասշտաբով կայուն զարգացման ամենաբարդ խնդիրները։ Ֆորումը տեղի կունենա մարտի 11-ին՝ 14:30, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։  
 
Հիշեցնենք, որ ԴիջիԹեք համաժողովն այս տարի բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից եւ կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների ու հետազոտողների, ինչպես նաեւ ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։ Համաժողովի խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։ Միջոցառման վերաբերյալ մանրամասների համար կարող եք այցելել պաշտոնական կայք՝ www.digitec.am:

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։ Հովանավորներ՝ Giz EU4Business, Fastex, Team Telecom Armenia, AMD, Sensyan: