12:58 | 03.03.23 | Նորություններ | 2408

ChatGPT-ի ինտեգրումը հայկական ստարտափներում՝ Profound Academy-ի օրինակով

OpenAI-ը ChatGPT-ի ծրագրային լուծումը (API) հասանելի է բոլորին, ինչը նշանակում է, որ աշխարհը ցնցած գեներատիվ AI չատբոտը կարող է ինտեգրվել եւ աշխատել որպես ցանկացած ծրագրի մի մաս։

Հայկական ստարտափներից Profound Academy-ին ապահովում է համակարգչային գիտության գործնական դասընթացներ, ժամանակ չկորցնելով, մեկ օրվա ընթացքում արդեն ինտեգրել է ChatGPT-ն իր կրթական հարթակում։  

Ստարտափի հիմնադիր Մարտին Միրաքյանն iTel.am-ի հետ զրույցում ասում է՝ այն կարծես վիրտուալ «մենտոր» կամ «մեծ եղբայր» լինի իրենց հարթակում գրանցված ավելի քան 2000 սովորողի համար։ Այն վերլուծում, գտնում եւ ցույց է տալիս սխալներն ու օգնում դրանք ուղղել։

«Նամակ ստացանք OpenAI-ից, որ արդեն տրամադրում են Chat GPT-ի API-ները ու որոշեցի՝ պետք է շատ արագ մեր պրոդուկտի մեջ ինտեգրել եւ օգտագործել: Իրականում նմանատիպ նախնական տարբերակ մշակել էինք, որը քիչ թե շատ աշխատում էր, բայց ChatGPT-ի պես լավը չէր: Նախորդի համար մեծ նեյրոնային ցանցին պետք է մի քանի օրինակ տրամադրեինք, որ հասկանար՝ ինչ խնդիր ենք դրել համակարգի առջեւ:

Տրամադրում էինք ուսանողի սխալ գրած կոդը, այնուհետեւ դրա բացատրությունը, թե ինչու է սխալ եւ ինչպես ուղղել։ Այդպես մի քանի օրինակով ցանցը հասկանում էր, որ պետք է կոդ վերլուծել ու ուղղումներ առաջարկել։

Իսկ ChatGPT-ը լավ հասկանում է՝ ինչ է պահանջվում անել, բացի այդ, չատի մոդելով է եւ մարդկանց հետ ավելի լավ է հաղորդակցվում»,-մանրամասնում է Մարտինը։

Նկարներում ներկայացված է ChatGPT-ի միջոցով կոդի վերլուծության եւ սխալների ուղղման օրինակ։




Մարտինի մշակած հարթակն արդեն ներդրվել է «Այբ» դպրոցում ավագ դասարանի աշակերտներին ծրագրավորում սովորեցնելու նպատակով: Ստարտափը համագործակցում է Bright Minds նախաձեռնության հետ, որի շրջանակում մարզերում օլիմպիական խմբակներում խորացված ծրագրավորում է դասավանդվում։

Նոր «Algorithms and data structures» դասընթացը հասանելի է հարթակի ուսանողներին, առաջիկայում ծրագրում են նոր «Intermediate python» դասընթաց սկսել։

Նունե Գրիգորյան