12:42 | 02.03.23 | Նորություններ | 1433

Granatus Ventures-ը ներդրումներ է կատարել Endometrics ընկերությունում

Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունը՝ Granatus Ventures-ը, հայտարարել է Endometrics-ում ներդրման մասին, որը զբաղվում է էնդոմետրիոզի հեղափոխական՝ ոչ ինվազիվ ախտորոշիչ լուծման մշակմամբ:

Էնդոմետրիոզը կանանց քրոնիկ հիվանդություն է, որը պատճառում է ուժեղ ցավ եւ հանգեցնում անպտղության: Այն ազդում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 10%-ի վրա, դրա ճշգրիտ ախտորոշումը կարող է տեւել մինչեւ 8 տարի եւ պահանջում է վիրահատական միջամտություն: Endometrics-ը յուրօրինակ լուծում է մշակում էնդոմետրիոզը ոչ ինվազիվ կերպով ախտորոշելու համար՝ բացահայտելով էնդոմետրիալ բջիջների գենոմային հատուկ առանձնահատկությունները:

Մրցանակակիր գինեկոլոգ եւ հետազոտող Յանա Ազնավուրի ղեկավարած ընկերությունը միացել է Granatus Ventures-ի խոր տեխնոլոգիական (deep tech) ընկերությունների պորտֆելին: Դոկտոր Ազնավուրը նշել է, որ կապիտալը եւ աջակցությունը կօգնեն շուկա ներկայացնել իր ախտորոշիչ լուծումը եւ հասնել աճի նոր մակարդակների։

Granatus Ventures-ի կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը մեծ հեռանկարներ է տեսնում գործընկերության մեջ՝ ընդգծելով իրենց հանձնառությունը՝ աջակցելու շրջադարձային ախտորոշիչ լուծումը շուկա հանելուն, որը կմեղմի բազմաթիվ կանանց տառապանքն ամբողջ աշխարհում:

Ներդրումները նաեւ կարագացնեն ընկերության զարգացումը, կօգնեն ընդլայնելու նրա շուկայավարման ջանքերը ու ներգրավելու լրացուցիչ տաղանդներ՝ նպաստելով ընկերության ընդարձակմանը:

Նշենք, որ Բերկլիում հիմնված Endometrics ընկերությունը թիմ ունի Հայաստանում ու վերջերս է ավարտել Բերկլիի համալսարանի աքսելերատորը եւ Կանանց առողջության նորարարության գագաթնաժողովի ստարտափների ցուցահանդեսում (Women’s Health Innovation Summit Startup Showcase) արժանացել է առաջին տեղի մրցանակին՝ զարգացող ստարտափների անվանակարգում։