14:33 | 28.02.23 | Նորություններ | 2052
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) հայտարարել է PopUp School ստարտափում ներդրում կատարելու մասին։
Գործարքն իրականացվել է այլ հայտնի ձեռնարկատերերի եւ ներդրողների հետ համատեղ, ինչպիսիք են Service Titan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանը եւ Slack-ի համահիմնադիր Կալ Հենդերսոնը։
PopUp School-ն առցանց ուսուցման անհատականացված հարթակ է՝ նախատեսված 8–12-րդ դասարանների աշակերտների համար: Հարթակն առաջարկում է դասեր, որոնք մշակված են՝ նրանց ուսուցման անհատական ոճը հաշվի առնելով:
«Սուրենը եւ նրա թիմը Հայաստանում EdTech ոլորտի վետերաններ են, որոնք տպավորիչ հաջողության պատմություն ունեն DASARAN-ի հետ: Մենք վստահ ենք, որ թիմի ուժեղ խելամտությունը կարեւոր նշանակություն կունենա Միացյալ Նահանգներում PopUp School-ի բիզնեսի եւ պրոդուկտի զարգացման հարցում: Վաղ փուլի խորհրդատուների եւ ներդրողների ուժեղ թիմը հաջողության հզոր գործոն կլինի: Մենք ուրախ ենք, որ STAN-ը մասնակցել է այս ներդրումային փուլին եւ անհամբեր սպասում ենք, որ PopUp School-ը կդառնա հայկական ստարտափ էկոհամակարգի հաջորդ հաջողության պատմությունը»,- ասել է STAN-ի հրեշտակ ներդրող Ավետիս Անթապլյանը:
Ավելի վաղ հայտնել էինք PopUp School-ում ավելի քան 540 հազար դոլար նախասաղմնային ներդրման մասին՝ գնահատվելով 6 միլիոն դոլար:
STAN-ը FAST-ի գիտության առեւտրայնացման ուղղությամբ իրականացվող կարեւոր ծրագրերից է, որը ստեղծվել է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նպատակով 2018 թվականին: Ներկայում հրեշտակ ներդրողների ցանցի անդամ է 39 ձեռնարկատեր աշխարհի 7 երկրից: