16:53 | 21.02.23 | Նորություններ | 1777

Հայտնի են SSSholidays India Vizag-ի հաղթողները

Փետրվարի 13-18-ը Հնդկաստանի Վիզագ քաղաքում անցկացվել է SSSholidays India Vizag միջոցառումը։

Այս անգամ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ միջոցառման համակազմակերպիչն էր Անդրա Պրադեշ նահանգում գործող աշխարհի ամենախոշոր բժշկական սարքավորումներ արտադրող AMTZ կենտրոնը։

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման արդյունքները տպավորիչ էին եւ աննախադեպ։

Միջոցառմանը մասնակցել են շուրջ 300 ձեռներեց եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Հնդկաստանից եւ աշխարհի այլ երկրներից։

Վիզագում գտնվող AMTZ կենտրոնում բացվել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի գրասենյակ, որը, կենտրոնի հիմնադիր Ջիթենդռա Շառմայի խոսքով, առաջիկա տարիներին Հնդկաստանում տուն կլինի ոչ միայն «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի աշխատակիցների, այլեւ՝ գործնական եւ կրթական նպատակներով Վիզագ մեկնած բոլոր հայկական ստարտափների համար։

Բացի միջոցառման հիմնական մրցանակային ֆոնդից, «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» ընկերությանն առընթեր գործող Triple-S վենչուրային ֆոնդի կողմից 3 ստարտափ ստացել է 450 հազար դոլար ներդրում: Դրանցից Docus ստարտափը ստացել է 250 հազար դոլար ներդրում։

AMTZ կենտրոնում հիմք է դրվել էլեկտրական թափոնների վերամշակման հայ-հնդկական առաջին գործարանը, որը կսկսի գործել այս տարի հոկտեմբերի 1-ից։

Միջոցառմանը մասնակից 40 ստարտափից 6-ը ստացել է 5.000 եւ 1.000 դոլարի չափով դրամական մրցանակներ։

Հաղթող թիմերն են՝

Growth stage.
1-ին տեղ՝ Doodooc - $5.000
2-րդ տեղ՝ Denovo Sciences - $3.000
3-րդ տեղ՝ MetaGait - $2.000

Idea stage.
1-ին տեղ՝ Bliink - $3.000
2-րդ տեղ՝ Marathon - $2.000
3-րդ տեղ՝ VRdrobe - $1.000

Բոլորին հայտնի «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» նախագիծը «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից սկսել է իրականացվել դեռեւս 2016թ-ից։ 2016-2023 թվականներին Հայաստանում եւ արտերկրում անցկացված արդեն 8 բիզնես ֆորումին մասնակցել է ավելի քան 1000 ստարտափ ընկերություն, բանախոսներ, մենտորներ եւ ներդրողներ ավելի քան 50 երկրից։ Միջոցառման շրջանակում մինչ օրս իրականացրած ներդրումները մոտենում են 5 մլն դոլարի: