17:53 | 13.02.23 | Նորություններ | 9364

Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է օրթեզավորման ծրագիրը

Վիրավորում ստացած զինվորներին առօրյա կյանքի հուն վերադարձնելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունն ավելի քան մեկ տարի օրթեզավորման ծրագիր են իրականացնում:

Դա կարեւոր է ողնուղեղային, գլխուղեղային, վերին եւ ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ՝   հետվնասվածքային բարդությունները կանխելու համար:

Սյունեցի Արմենն այդ ծրագրի բուժառուներից մեկն է:

Արդեն չորս ամիս է՝ նա ժամանակակից օրթեզ է կրում: Դրանք, ի տարբերություն ստատիկ օրթեզների, չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ դինամիկ են եւ ֆունկցիոնալ: Քայլքի ժամանակ կարող են ճիշտ ֆիքսել հենումները եւ ապահովել ազատ տեղաշարժը:

Օրթեզավորման հիմնական գործառույթն անատոմիական ճիշտ դիրքի ֆիքսումն է՝ վնասված հոդի եւ վերջույթների ծանրաբեռնվածության թեթեւացման, ֆիքսման, ակտիվացման եւ ուղղման համար: Այդ ամենը թույլ է տալիս նվազեցնել ողնաշարի եւ մարմնի բոլոր հոդերի ծանրաբեռնվածությունը, կանխել մկանային համակարգի գերլարվածությունը: Միաժամանակ, ստորին վերջույթում խնդիրների դեպքում օրթեզները նպաստում են ճիշտ բիոմեխանիկայի վերականգնմանն ու քայլքի ծրագրի առաջընթացին, ինչպես նաեւ ձեռքերի ֆունկցիոնալության վերականգնմանը:

2021 թվականին մեկնարկած եռամյա ծրագրի համար գործընկեր «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է 120 մլն դրամ: