12:17 | 09.02.23 | Նորություններ | 1850

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր 2023»-ի հայտերի ընդունումը

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն հայտարարել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթը:

Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հնարավորություն կունենան հեռավար կարգով ղեկավարել Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբեր/լաբորատորիաներ՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու համար:

Լաբորատորիայի ղեկավարի համար ազգային եւ տարիքային սահմանափակում չկա, ծրագիրը բաց է բոլոր բնագավառների գիտնականների համար, որոնք վերջին չորս տարվա ընթացքում 12 ամսից ավելի չեն ապրել Հայաստանում: Խմբի ղեկավարի համար նախատեսված է հոնորար՝ գործուղումով Հայաստանում գտնվելու ժամանակահատվածի համար՝ մինչեւ 3 միլիոն դրամ նախագծի կատարման ողջ ընթացքում։

Լաբորատորիան պետք է ունենա մինչեւ 40 տարեկան համաղեկավար, որը Հայաստանում համակարգելու է 2-5 հոգուց բաղկացած խմբի աշխատանքը: Խմբի կատարողների համար աշխատանքի վարձատրության միջին չափը սահմանվել է ամսական միջինը 300 հազար դրամ: Բացի այդ՝ գումարներ են նախատեսված նաեւ լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման, գործուղումների, սարքերի, նյութերի եւ ծառայությունների, փորձարարական հետազոտությունների համար:

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի գիտական կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծումն է:

Հինգ տարի տեւողությամբ ծրագրի համար նախատեսվում է տրամադրել մինչեւ 150 միլիոն դրամ:

«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիրն» առաջին անգամ հայտարարվել է 2022 թվականին, արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա: Մրցույթին մասնակցելու հայտ պետք է ներկայացնել մինչեւ ապրիլի 7-ը առցանց տարբերակով`այստեղ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով (010) 210140 (ներքին 108) կամ ուղարկելով նամակ էլեկտրոնային փոստով՝ scexpert@scs.am:
Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)
Մրցույթի հրավերի փաթեթը (անգլերեն)