12:07 | 26.01.23 | Նորություններ | 10746

Վիվա-ՄՏՍ-ի ջանքերով գործարկվել է սահմանամերձ Վանեվանի էներգախնայող համակարգը

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վանեվան գյուղն արդեն ունի արտաքին լուսավորության ժամանակակից, էներգախնայող LED-համակարգ։ Գյուղում լուսավորվել է շուրջ 1600 մետր ճանապարհահատված, մասնավորապես` գյուղի կենտրոնական եւ երկրորդական մի քանի փողոց։

Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագիրն այս գյուղում իրականացված առաջիններից էր: Վանեվան գյուղը երբեւէ չի ունեցել արտաքին լուսավորություն, ինչի բացակայության հետեւանքները բնակիչները զգացել են հատկապես սահմանային լարվածության պայմաններում տեղաշարժվելիս։

«Խելահեղ տեմպերով զարգացող աշխարհում, որում ամեն օր նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս, լուսավորված փողոցում քայլելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Այս ծախսարդյունավետ, էներգախնայող եւ բնապահպանական տեսանկյունից արդարացված համակարգի գործարկումը կարեւոր աջակցություն է համայնքներին: Սա երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագիր է: Այն թույլ է տալիս մեծ խնդիրները լուծել աստիճանաբար, մեղմել մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ զարգացման տեմպերի առկա տարբերությունը, տնտեսել համայնքի միջոցները եւ հատկապես սահմանամերձ գյուղերում՝ մարդկանց անվտանգության որոշակի հարցեր լուծել»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Արտաքին լուսավորության էներգախնայող, ժամանակակից համակարգերի ներդրումը, որն իրականացվում է «Էկոգյուղերի ցանց» նախագծի շրջանակում, արդյունավետ է բնապահպանական եւ համայնքային միջոցների տնտեսման տեսանկյունից: Ծրագրի արդյունքում էապես կրճատվում են համայնքի բյուջետային ծախսերը, լինում են խնայողություններ, որոնք ուղղվում են այլ խնդիրների լուծմանը:

2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն դրամ: