17:19 | 25.01.23 | Նորություններ | 1875

ԱՏՁՄ-ն ներկայացրել է 2023-ին սպասվող նոր ծրագրերը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը եւ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը ամփոփել են ԱՏՁՄ նախորդ տարվա աշխատանքները։

Ներկայացվել են անդամակցության տվյալները, ԱՏՁՄ կողմից իրականացված նախագծերի մանրամասները, ինչպես նաեւ 2023 թվականին սպասվելիք խոշոր նախագծերը։

2022 թվականի ընթացքում գրանցվել է միության անդամակցության զգալի աճ՝ անդամների թիվը հասցնելով 130-ի։ 2023-ին եւս անդամակցության ինստիտուտի զարգացումն ու կատարելագործումը լինելու է ԱՏՁՄ առաջնահերթություններից մեկը։

2022-ին սեպտեմբերյան մարտական գործողությունների հետեւանքով «ԴիջիԹեք 2022» հետաձգված ցուցահանդեսը կկայանա այս տարի մարտին, ինչը չի բացառում աշնանը «ԴիջիԹեք 2023» միջոցառման կազմակերպումը։

2023-ին նախատեսվում է ավելի ընդլայնել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ։ Մարտին ԱՏՁՄ պատվիրակությունը կմեկնի Գլենդեյլ՝ ներկա գտնվելու Արմաթ աշխատանոցի բացմանը, ինչպես նաեւ իրականացնելու ֆոնդհայթայթմանն ու  Արմաթի ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ Գլենդեյլում եւ Սիլիկոնյան հովտում։  

Փետրվարի ավարտին նախատեսվում է ԱՏՁՄ պատվիրակության այց Քուվեյթ եւ այնտեղ Արմաթ լաբորատորիայի հիմնում, ինչպես նաեւ հանդիպումներ տեղի տեխնոլոգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ։

2022-ին իրականացվել են հարյուրավոր թիմեր ընդգրկած պատանեկան մրցույթներ՝ «ԴիջիԿոդ», «Ճարտարագիտական մոդելավորման մրցույթ», «ԱրմՌոբոտիքս»։ Տրվել է նոր նախագծերի մեկնարկ՝ «Հայաստանի տեխնոլոգիական ապագա», ԻննոԻջեւան, շարունակվել են տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը։

ԱՏՁՄ-ն մասնակցել եւ համագործակցել է ոլորտային խոշոր միջոցառումների հետ՝ այդ թվում Emerge կոնֆերանսի, MitQ հաքաթոնի եւ «Սթարմուս» փառատոնի։ Անցկացվել է հաջող մեդիաարշավ՝ ՏՏ ընկերություններին կառավարության աջակցության նախագծի լուսաբանման եւ համայնքի ձայնի բարձրաձայնման նպատակով։

Միությունն արձագանքել է երկրում կատարվող բոլոր նշանակալի իրադարձություններին՝ հայտնելով իր դիրքորոշումը եւ ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր։ Նոր թափ է ստացել մասնակցությունը միջազգային կոնֆերանսներին եւ ցուցահանդեսներին, այդ թվում՝ VivaTech ցուցահանդեսին Փարիզում եւ Ֆրանկոֆոնիայի ցուցահանդեսին Թունիսում, ուր Արմաթն իր տաղավարով ներկայացնում էր Հայաստանն ու վերջինիս հեռանկարը տեխնոլոգիական աշխարհում։

Ներկայացվել են նաեւ նախորդ տարի Իջեւանում գործարկված ԻննոԻջեւան նորարական նախագծի արդյունքները։ ԱՏՁՄ-ն հավատարիմ է մնում մարզերում նորարարական կենտրոնների հիմնման ռազմավարական ծրագրին եւ նախատեսում է նոր ծրագրերով հանդես գալ այլ մարզերի համար եւս։

Հիշեցնենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանի ամենամեծ ոլորտային բիզնես միությունն է, որն այս պահին միավորում է առաջատար տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 130 ընկերության եւ ոլորտում ընդգրկված շուրջ 15000 մասնագետի համայնք։