18:17 | 23.12.22 | Նորություններ | 4040

Digitain-ը եւ Newmag-ը ներկայացրել են «Մեծ քառյակը» եւ քննարկել տեխնոհսկաների ներքին խոհանոցը

Դիջիթեյնը եւ Newmag-ը ներկայացրել են համատեղ ջանքերով իրականացվող ՏՏ ոլորտին նվիրված Smart մատենաշարի թվով երկրորդ հայերեն թարգմանված գիրքը՝ Սքոթ Գալուեյի «Մեծ քառյակը. Amazon, Apple, Facebook, Google ընկերությունների թաքնված ԴՆԹ-ն»։

Գալուեյն իր գրքում ցույց է տալիս, որ չորս հսկաների հաջողության ամենամեծ գրավականը մարդկային հույզերն են, ու նրանց՝ այդ հույզերը մանիպուլացնելու կարողությունը: Հեղինակը նաեւ թվարկում է այս ընկերությունների տված արժեքավոր դասերը, բացահայտում է նրանց գերակայությունն ամրապնդելու գործիքները։

photo © Digitain


Շնորհանդեսում հանդես եկավ Դիջիթեյն ընկերության ռազմավարական նախագծերի ղեկավար Անի Մկրտչյանը: Ամփոփելով տարին եւ շնորհակալություն հայտնելով Newmag-ին համագործակցության համար, նա նշեց.

«2022-ն արգասաբեր էր մեր համագործակցության համար․ երեք գիրք համատեղ թարգմանեցինք եւ հրատարակեցինք։ ՏՏ ոլորտի զարգացումն էականորեն կարեւոր եւ ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի համար, այլեւ Դիջիթեյնի՝ որպես ոլորտի խոշոր խաղացող, ուստի այս նախաձեռնությամբ վստահ ենք, որ նպաստում ենք ոլորտի զարգացմանը»։

photo © Digitain


Նա ավելացրեց, որ Newmag-ի հետ համագործակցությունը շարունակական է լինելու, եւ հաջորդ տարվա համար ունեն նախատեսված առնվազն երեք գրքի թարգմանություն եւ հրատարակում։

Գրքի շնորհանդեսն ուղեկցվեց «Տեխնոհսկաների ներքին խոհանոցը» թեմայով պանելային քննարկմամբ, որի բանախոսներն աշխատել են այս քառյակի եւ այլ մեծ ՏՏ կազմակերպություններում։

photo © Digitain


Շնորհանդեսի եւ պանելային քննարկման վարող, Rite ընկերության համահիմնադիր Աշոտ Խուդգարյանի հարցին, թե ինչպե՞ս է կյանքը տարբերվում ՏՏ հսկաների պատերից այն կողմում, Facebook-ի նախկին աշխատակից եւ Profound Academy-ի հիմնադիր Մարտին Միրաքյանը պատասխանեց.

«Facebook-ի գրասենյակներում ամեն ինչ կազմակերպված է այնպես, որ աշխատակիցները կենտրոնանան գործ վրա եւ ավելորդ ժամանակ չծախսեն այլ բաների վրա»։

Իսկ Amazon-ի նախկին աշխատակից եւ ներկայում 5thKind ընկերության DevOps ինժեներական գծով տնօրեն Արմեն Ռոստոմյանը շեշտեց, որ Amazon-ում ամեն բան արվում է, որ աշխատակիցները հետեւեն կազմակերպության մշակույթին.

photo © Digitain


«Կա հատուկ ներքին մշակույթի ձեռնարկ, որն ամեն նոր աշխատակից պարտավոր է կարդալ եւ սովորել»։ Նա հավելեց, որ ժամանակի ընթացքում նույնիսկ հատուկ բարբառային լեզու է ստեղծվել, որը հասկանում են միայն ամազոնցիները։

Անդրադառնալով այս հարցին՝ Դիջիթեյն ընկերության ՄՌԿ բիզնես գործընկեր Անժելա Մուրադյանն ասաց.

«Դիջիթեյնում աշխատանքի ընդունվելիս մենք կազմակերպում ենք թիմին համապատասխանության հարցազրույց՝ պարզելու համար, թե արդյո՞ք թեկնածուն կներգրավվի թե՛ կազմակերպության եւ թե՛ տվյալ թիմի ներքին մշակույթին»։

Աշոտ Խուդգարյանը նաեւ հարցադրում արեց, թե ինչպես են ազդել հզոր բրենդները քննարկման մասնակիցներից յուրաքանչյուրի վրա։ Google-ի նախկին աշխատակից, իսկ այժմ BlueQubit-ի համահիմնադիր եւ տեխնիկական գծով տնօրեն Հայկ Տեփանյանն նշեց, որ Google-ում աշխատանքի անցնելուց հետո նմանօրինակ պանելային քննարկումների եւ հարցազրույցների հրավերներ շատ է ստանում։

Մարտին Միրաքյանն էլ խոսեց Facebook-ի թափանցիկության մասին, ինչն, այնտեղ աշխատելով, նաեւ իրեն է փոխանցվել.

«Facebook-ում ընդունված է գործել արագ եւ թափանցիկ, ինչի վառ օրինակն է տեխնիկական խնդիրների դեպքում արագ արձագանքը եւ դրան մասին պաշտոնական հայտարարությունը հենց իր՝ Facebook-ի կողմից։ Այս մշակույթը գալիս է ղեկավարից, ով՝ չնայած իր զբաղվածությանը՝ շաբաթը մեկ հանդիպում է կազմակերպում աշխատակիցների հետ եւ հնարավորություն տալիս իրեն ցանկացած հարց ուղղել»։

photo © Digitain


Դիջիթեյնի ներկայացուցիչ Անժելա Մուրադյանն նշել է, որ կազմակերպությունն ամեն ինչ անում է, որպեսզի հենց աշխատակիցները լինեն Դիջիթեյնի՝ որպես գործատու բրենդ ամբասադորները։

Պանելային քննարկումն ամփոփվեց հետեւյալ հարցով՝ ի՞նչ տարօրինակ ու հետաքրքիր բաներ կային տեխնոհսկաների գրասենյակներում։ Հայկը նշեց, որ Google-ում կա շենք, որտեղ կա մեծ սղարան՝ երրորդից առաջին հարկ իջնելու համար։ Facebook-ի յուրահատկություններից Մարտինն առանձնացրեց տարծքում առկա վարսավիրանոցները, լվացքատները, լոգարաներն ու անվճար բարերը։ Այս հետաքրքրական հարցն ամփոփեց Անժելան՝ նշելով, որ Դիջիթեյնն էլ անմասն չի մնում իր աշխատակիցների առօրյան ավելի հաճելի ու արդյունավետ դարձնելու գործից․ գրասենյակում ստեղծված են հարմարավետության եւ հանգստի համար նախատասված բազում պայմաններ՝ հատուկ կահավորված հանգստի սենյակներ, անվճար մերսման սրահ, սեղանի խաղեր, մարզադաշտ։ «Այս ամենից զատ մենք՝ որպես ՄՌ թիմ, նաեւ կազմակերպում ենք բազում միջոցառումներ՝ նշելու համար ինչպես մասնագիտական, այնպես էլ ոչ մասնագիտական տոները»,- հավելեց Անժելան։