09:56 | 23.12.22 | Նորություններ | exclusive 12970
Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կարծում է, որ այսօր Հայաստանի շուկան հինգերորդ սերնդի բջջային ցանցի (5G) կարիք չունի:
«Դեռ մի քիչ վաղ է խոսել 5G-ի մասին, քանի որ շուկան դրա կարիք չունի, սպառումը շատ փոքր է: Հայաստանում գործող երեք օպերատորներն էլ կարող են հանգիստ ապահովել 5G կապ, բայց կոմերցիոն առումով սա դեռեւս նպատակահարմար չէ: Կարող ենք ասել՝ ընկերությունը, որն առաջինը սա կանի, ավելի շատ մարքեթինգային նպատակ կհետապնդի», - ասել է Հայկ Եսայանը Banks.am տված բացառիկ հարցազրույցում:
Նա նշել է, որ Team Telecom Armenia-ն սկսում է տվյալների կենտրոնի (data center) կառուցման մեծ նախագիծ:
«NGN ցանցի շնորհիվ մենք դուրս ենք եկել Հայաստանի Հանրապետության սահմաններից ու այժմ ինտերնետ ենք մատակարարում Մերձավոր Արեւելքի 5 երկիր: Հայաստանն այսօր ինտերնետ արտահանող երկիր է դարձել: Այս համագործակցությունը կայացել է շատ բարդ ու հետեւողական աշխատանքի շնորհիվ: Մերձավոր Արեւելքի երկրների շուկան հետաքրքիր է, քանի որ ինտերնետի մատակարարման առումով այստեղ «կռվում ես» Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Արդյունքում հասնել ենք նրան, որ մեզ բաժին է հասել մատակարարման 50%-ը: Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի համար, քանի որ մեր դեպքում սա ընկերության «կռիվն էր», իսկ Թուրքիայի դեպքում տելեկոմը պետական է, Ադրբեջանն էլ ֆինանսական մեծ հնարավորություններ ունի», - ասել է Հայկ Եսայանը:
Կարդացեք հարցազրույցն ամբողջությամբ. Հայկ Եսայան. Team Telecom Armenia-ն առաջին IPO տելեկոմը դառնալու ճանապարհին է: