16:08 | 20.12.22 | Նորություններ | 9739

Սահմանապահ Չինարիում ատամնաբուժական անվճար ծրագիր է իրականացվել

Վիվա-ՄՏՍ-ի ու «Աթենաս» բարեգործական հիմնադրամի գործընկերության արդյունքում ատամնաբուժական անվճար ծրագիր է իրականացվում Տավուշի մարզի սահմանապահ Չինարի գյուղում:

Ծրագիրը չինարեցիներին թույլ է տալիս բուժում ստանալ առավելագույն հարմարավետությամբ. ռենտգեն հետազոտություն անցնել եւ ախտորոշում ստանալ բժշկական աթոռից չիջնելով, ինչպես նաեւ մոռանալ գյուղից մարզկենտրոն մեկնելու անհրաժեշտությունը: Շտապ դեպքերում սպասարկումից բացի, հասանելի են բուժումը, պլոմբավորումը, պրոթեզավորումը:

Վիվա-ՄՏՍ-ից հայտնել են, որ աջակցություն արդեն ստացել է տարբեր խնդիրներ ունեցող 65 բուժառու: Աջակցություն ստանալու իրենց հերթին դեռ սպասում է գրանցված 60 չինարեցի: Բշիշկ-կամավորները Չինարիի դպրոցականների շրջանում ատամների խնամքի վերաբերյալ դասընթաց են նաեւ նախաձեռնել:

Շուրջ երեք ամիս իրականացվող ատամնաբուժական պիլոտային անվճար ծրագիրը կավարտվի տարեվերջին: