12:34 | 12.12.22 | Նորություններ | 1888

Silicon Mountains 2022-ը համախմբել է ՏՀՏ եւ բիզնես համայնքը

Դեկտեմբերի 9-ին Մատենադարանում կայացել է խելացի լուծումների կիրառմանը նվիրված Silicon Mountains 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը:

Արդեն չորրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն էր Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։

«Այս անգամ միջոցառումը նվիրված է թվային գործիքների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում, եւ այդ նպատակով մեր պանելային քննարկումներին մասնակցել են նաեւ տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ։ Ի՞նչ առավելություններ է բիզնեսներին տալիս խելացի լուծումների կիրառումը եւ որո՞նք են զարգացման հեռանկարները։ Ահա այս երկու հիմնական հարցի պատասխաններն ենք փորձել տալ միջոցառման ընթացքում»,- նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Միջոցառման հատուկ հյուրերից էր Անդրես Կուտտը, ով նախկինում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Skype ընկերությունում եւ Էստոնիայի պետական համակարգում. նա այժմ հանդիսանում է Proud Engineers ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրենը: Անվտանգության մասնագետ Ռամզես Գալլեգոն, ով Quantum World Association ընկերությունում գործադիր փոխնախագահն է եւ CyberRes ընկերության միջազգային հարցերով գլխավոր տեխնոլոգիական տնօրենը, խորհրդատվություն է տրամադրում ՀՀ Կենտրոնական բանկին՝ թվայնացման եւ կիբերանվտանգության ոլորտներում։
Այս անգամ գագաթնաժողովը բաղկացած էր չորս պանելային քննարկումից՝ Խելացի կառավարում, Խելացի տնտեսություն, Խելացի բանկային համակարգ եւ Խելացի ենթակառուցվածքներ։

Խելացի կառավարումը ժամանակակից տնտեսության կարեւորագույն բաղադրիչներից է, որը համադրում է տեխնոլոգիայի եւ նորարարության օգտագործումը՝ կառավարման մարմիններում որոշումների կայացումը ու պլանավորումը հեշտացնելու եւ աջակցելու նպատակով:

Խելացի տնտեսությունը տեխնոլոգիական նորարարությունների վրա հիմնված տնտեսությունն է, որն ապահովում է արդյունավետություն, կայունություն եւ բարձր սոցիալական բարեկեցություն, ինչպես նաեւ ծառայում է որպես հաջողության շարժիչ: Նորարարությունների եւ ձեռնարկատիրական նոր նախաձեռնությունների ընդունումը բարձրացնում է արտադրողականությունը եւ մրցունակությունը՝ նպատակ ունենալով բարելավել բոլոր քաղաքացիների կյանքի որակը:

Այս պանելը մեկ տեղում էր միավորել պետական պաշտոնյաներին, տարբեր ոլորտների բիզնես ղեկավարներին, որոնք իրենց բիզնեսում կիրառում են խելացի լուծումներ։

Խելացի բանկային համակարգն անմասն չէր կարող մնալ, երբ խոսքը վերաբերում է թվային լուծումներին, քանի որ բանկն այսօր յուրաքանչյուրիս գրպանում է։

Խելացի բանկային համակարգի մասին խոսել են, ինչպես թվային լուծումներ կիրառած ու բազմամյա փորձ ունեցող բանկերի ղեկավարները, այնպես էլ նորաստեղծ ստարտափի հիմնադիրները։

Խելացի ենթակառուցվածքները էական նշանակություն ունեն խելացի երկիր ստեղծելու գործում, իսկ Հեռահաղորդակցության ընկերությունները կենսական դեր են խաղում ենթակառուցվածքների անխափան կապի ապահովման համար։ Հայաստանի խոշորագույն Հեռահաղորդակցության ընկերությունների տնօրենները քննարկել են խելացի ենթակառուցվածքներ ստեղծելու տեսլականը։

Հիշեցնենք, որ Silicon Mountains առաջին համաժողովն անցկացվել էր 2019թ. նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» եւ համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին։