14:15 | 10.12.22 | Նորություններ | 2215

Օպերատորները քննարկել են խելացի ենթակառուցվածքների ներդրումը

Դեկտեմբերի 9-ին կայացած Silicon Mountains 2022 կոնֆերանսում հեռահաղորդակցային ընկերությունների ղեկավարները քննարկել են խելացի ենթակառուցվածքների ներդրման, տեխնոլոգիաներին զարգացմանը համընթաց դրանց արդիականացման մարտահրավերները։

Ընկերությունները վերափոխվում են

Ռոստելեկոմի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի խոսքով, Հայաստանի ենթակառուցվածքները զարգացած են, նույնիսկ եթե համեմատենք եվրոպական մի շարք երկրների հետ, բայց ծավալն առայժմ բավարար չէ։ Ներկայում հեռահաղորդակցության ընկերությունները վերափոխվում են դեպի թվային ՏՏ ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ այստեղ շատ է կարեւորվում ենթակառուցվածքների դերը:

Հայկ Ֆարամազյանը Հայկ Ֆարամազյանը
photo © Մեդիամաքս


«Հեռահաղորդակցային ընկերություններն արդեն սկսում են մատուցել թվային ծառայություններ՝ մասնավոր ընկերություններին եւ պետական մարմիններին հնարավորություն տալով իրենց ՏՏ ծառայությունները outsource անել։

Մոտ ապագայում Հայաստանում կտեսնենք լայնածավալ ներդրումներ հեռահաղորդակցության ընկերությունների կողմից: Մասնավորապես, մենք նախատեսում ենք 2023 թվականին շահագործման հանձնել դատա կենտրոն, որը կտրամադրի տարբեր ծառայություններ՝ co-location-ից սկսած մինչեւ ամպային լուծումներ, ծրագրային մշակումներ եւ այլն», - ասել է Հայկ Ֆարամազյանը:

Նախաձեռնությունների համակարգումը

Յուքոմի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի կարծիքով, ոլորտի համար ամենաարդիական խնդիրներից մեկը մասնավոր ընկերությունների եւ պետական հատվածի կողմից իրականացվող նախաձեռնությունների համակարգումն է:

«Սմարթ ենթակառուցվածքների ներդրման հարցում շատ կարեւոր է համակարգված աշխատանքը հենց նախագծման փուլից սկսած: Շատ լավ օրինակ է Կենտրոնական Բանկի նախաձեռնությամբ մշակված Mobile ID ծրագիրը, որտեղ գործընթացները շատ համակարգված են:

Արա Խաչատրյանը Արա Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


Խելացի ենթակառուցվածքների առանցքային խնդիրներից է նաեւ կիսվելու սկզբունքը, որը ենթադրում է փոխհամագործակցությունը հեռահաղորդակցային ընկերությունների եւ պետության միջեւ»,- ասել է Արա Խաչատրյանը:

Նախ՝ խելացի ենթակառուցվածքներ

Redinet ընկերությունը երկար տարիներ զբաղվում է հենց ենթակառուցվածքների կառուցմամբ ու ստեղծմամբ:

Անդրանիկ Քարամյանը Անդրանիկ Քարամյանը
photo © Մեդիամաքս


Ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Քարամյանը վստահ է, որ «խելացի տնտեսությունը», «խելացի բանկային համակարգն» ու «խելացի կառավարումը» կարող են իրականություն դառնալ միայն խելացի ենթակառուցվածքների առկայության դեպքում:

Ժամանակակից ենթակառուցվածքային լուծումներ

Մարդու օրգանիզմի հետ համեմատական անցկացնելով, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ասել է, որ խելացի կառավարումը գլուխն է, խելացի տնտեսությունը՝ սիրտը, խելացի բանկային համակարգը՝ արյունը, իսկ խելացի ենթակառուցվածքները՝ սրտանոթային համակարգը:

Արմեն Ավետիսյանը Արմեն Ավետիսյանը
photo © Մեդիամաքս


«Դրանք բոլորը փոխկապակցված են գործում՝ հանդիսանալով թվային տրանսֆորմացիայի տիեզերքի բաղկացուցիչ մասերը: Օրենսդրական կարգավորման բազային մակարդակը պարտադիր պայման է ենթակառուցվածքների զարգացման համար, եւ այսօր այն Հայաստանու, բավականին կաղում է: Իհարկե, սա խնդրի միայն մի մասն է: Առանց սովորական ենթակառուցվածքների գոյության խելացի ենթակառուցվածքներն անհնար է զարգացնել: Վերջին երեք տարվա ընթացքում ինտերնետի տրաֆիկի ծավալներն աճել են մի քանի տասնյակ անգամներ։

Թվայնացման խորացումը էլ ավելի կմեծացնի սպառվող տրաֆիկի ծավալները եւ հարկավոր կլինեն ավելի ժամանակակից ենթակառուցվածքային լուծումներ»,- նշել է Արմեն Ավետիսյանը։

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի