15:38 | 29.11.22 | Նորություններ | 1881
Երեւանում կայացել է «Generation N․ ապակոդավորելով հաղորդակցությունը» խորագրով քննարկում-միջոցառումը, որի նպատակն էր Հայաստանի ՏՏ համայնքի հետ քննարկել հետհամավարակային եւ հետպատերազմական ճգնաժամերի հաղորդակցության միջավայրը:
ՏՏ, բանկային ոլորտի եւ միջազգային կազմակերպությունների մոտ 80 ղեկավար եւ բարձրակարգ մասնագետ, ինչպես նաեւ տասներկու փորձագետ հավաքվել էին՝ քննարկելու տաղանդների ներգրավման աշխատանքային մշակույթը եւ «աշխատանքը լքելու» միտումները (Great resignation), ճգնաժամային հաղորդակցությունները եւ հաղորդակցության նոր գործիքները՝ Web3. NFT, բոլքչեյն, խաղեր:
Երեք պանելային քննարկման եւ հիմնական խոսնակի ելույթի միջոցով մասնակիցները քննարկել են եւ միմյանց հետ կիսվել իրենց փորձով, թե ինչպես են հաղթահարել «աշխատանքի հեռավարացման» եւ մարդկային մեկուսացման մարտահրավերները:
«Ստեղծարար ոլորտի համար բարդ է, քանի որ կրեատիվ մտքերը գեներացվում են, երբ մարդիկ միասին հավաքվում են մեկ սենյակում, այսպես կոչված, «պատերազմական սենյակներում», որտեղ կա մտքերի գրատախտակ: Ընդունվեց նաեւ աշխատանքի հիբրիդային տարբերակը: Մենք նաեւ հասկացանք, որ մարդիկ ունեն անձնական կյանք եւ տարբեր պարտավորություններ: Միշտ չէ, որ օգտագործում ենք Zoom զանգերը աշխատանքի համար: Այն օգտագործում ենք նաեւ անձնական շփումերի կամ միասին խաղալու համար: Գրեթե ժողովրդավարացրել ենք վիրտուալ ներկայությունը որպես մարդկանց հետ հաղորդակցվելու միջոց՝ դրան տալով այլ իմաստ»,- ասել է Virtue-ի գլոբալ աճի գլխավոր տնօրեն Սուրեշ Ռաջը։
Անդրադառնալով ճգնաժամի ժամանակ հաղորդակցություններին՝ երկրորդ պանելի վարող եւ հաղորդակցության խորհրդատու Արին Քեշիշյանը նշել է, որ մարդիկ ապրում են մշտական եւ շարունակական ճգնաժամի մեջ, որը մեր «նոր նորմալն է»:
Covenant Venture Capital-ի գիտության եւ նորարարության գծով գլխավոր տնօրեն Արմեն Քեռլոփյանի խոսքով՝ ճգնաժամի ժամանակ հաղորդակցվելու այլ միջոց է նաեւ storytelling-ը. առաջին հերթին անհրաժեշտ է ընդունել հարցի հրատապությունը, ապա որոշել, թե ինչ պատմությունների մասին պետք է խոսել: Սա այն մակարդակն է, որը պահանջվում է դժվար ժամանակներից ապաքինման եւ վերականգնման համար:
NFT-ների եւ վիզուալ արվեստի նկարիչ Ստեֆանի Սանոսյանն էլ միջոցառման ընթացքում խոսել է NFT-ների ազդեցության մասին։
«Մենք դեռ չգիտենք եւ կարող ենք միայն ենթադրել, թե ինչ ազդեցություն է NFT-ն ունենալու հաղորդակցության վրա, սակայն կա նոր իրականություն, թե ինչպես ենք մենք ստեղծում, տարածում, սպառում եւ հաղորդակցվելիս օգտագործում ոչ միայն արվեստը, այլեւ հարակից այլ ոլորտներ»,-նշել է Ստեֆանի Սանոսյանը։
Generation N միջոցառումը նախաձեռնել էր Հայաստանի ռազմավարական հաղորդակցությունների գործակալություն Deem Communications-ը։