17:50 | 14.11.22 | Հոդվածներ | exclusive 6601

Doctor Yan. «Բոլորը մեկում» բժիշկների եւ պացիենտների համար

Doctor Yan հավելվածը հնարավորություն է տալիս ընտրել բժիշկ՝ հիմնվելով ներկայացված տեղեկատվության եւ այցելուների իրական կարծիքների վրա, հերթագրվել բժշկի այցելության՝ առանց զանգի եւ հերթում սպասելու։ Բժիշկների համար հավելվածն ապահովում է առցանց գրանցումներ, ճկուն եւ հեշտ օգտագործվող օրացույց, տեսանելիություն հանրության լայն շրջանակում եւ հեղինակության առաջխաղացում։

Ստարտափը Հայաստանում ունի արդեն ունի 10 հազար գրանցված պացիենտ-օգտատեր, համագործակցում է մոտ 600 բժշկի հետ։  

Doctor Yan-ը մասնակցել է Armenia Startup Academy-ի ծրագրին, GIZ-ից ստացել 10 հազար եվրո դրամաշնորհ, ինչպես նաեւ FAST հիմնադրամի հրեշտակների ցանցից (STAN) ներգրավել է ֆինանսավորում: Այն դարձել է նաեւ «Գաղափարից բիզնես» հեռուստահաղորդման հաղթողը եւ դրամաշնորհ ստացել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից։

Itel.am-ը զրուցել է ստարտափի համահիմնադիրներ Իրինա Ղազարյանի եւ Զավեն Նաղաշյանի հետ։

Գաղափարի ծագումը

Իրինա

Գաղափարը ծագել է երկու տարի առաջ իմ ու հայրիկիս մոտ: Մասնագիտությամբ ճարտարապետ եմ, մեծացել եմ բժիշկների ընտանիքում ու այդ ոլորտի ներքին խոհանոցին ծանոթ եմ։ Հայրս բժիշկ է, պապիկս եւս։ Բժիշկներն օրվա տարբեր ժամերին անվերջ հեռախոսազանգեր են ստանում, եւ պացիենտները հիմնականում խնդրում են այցելության ժամ ամրագրել կամ ինչ-որ արագ այց կազմակերպել:

Իրինա Ղազարյանը Իրինա Ղազարյանը
photo © Մեդիամաքս


Այս պրոցեսը շատ է խանգարում բժիշկներին իրենց օրը ճիշտ կազմակերպել։ Միտք առաջացավ ստեղծել հավելված, որը կլուծի այս խնդիրը եւ՛ բժիշկների, եւ՛ պացիենտների համար։ Մի կողմից պացիենտները կկարողանան բժշկի գնալ առանց զանգի ու ծանոթի, մյուս կողմից էլ բժիշկների կյանքը կթեթեւանա անվերջ հեռախոսազանգերից ու հերթերից։

Զավեն

Ես ներկայացնում եմ Naghashyan Solutions տեխնոլոգիական ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ։ 2020 թվականին, երբ առաջին անգամ Իրինայի հետ հանդիպեցինք ու ներկայացրեց Doctor Yan-ի գաղափարը, հավատացինք, դարձանք համահիմնադիր եւ համաներդրող։ Երբ կազմակերպությունը ստեղծեցինք ու սկսեցինք աշխատել, կորոնավիրուսի համավարակը սկսվեց։ Համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ մարդիկ էլ հասկացան, թե որքան կարեւոր է բժիշկների հասանելիության խնդիրը։

Զավեն Նաղաշյանը Զավեն Նաղաշյանը
photo © Մեդիամաքս


Մինչ այդ առողջապահական ոլորտի հետ աշխատանքի փորձ չունեինք, նրբություններին ծանոթ չէինք։ Հասկացանք, որ շատ դեպքերում ստեղծվում են արհեստական հերթեր, որպեսզի տպավորություն ստեղծվի՝ բժիշկը պահանջված է։ Մեր հարթակը լուծում է տալիս է բազմաթիվ խնդիրների։

Գործառույթներն ու բժիշկների ընտրությունը

Իրինա

Հարթակը բաղկացած է երկու հավելվածից ու մեկ կառավարման պանելից։ Հավելվածները հասանելի են երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Պացիենտների համար նախատեսված հավելվածը թույլ է տալիս գտնել ու ընտրել բժիշկ՝ հիմնվելով հավաստի տեղեկատվության եւ այլ պացիենտների ստուգված կարծիքների հիման վրա։ Կարծիք կարող են թողնել միայն այն պացիենտները, որոնք բժշկին այցելել են մեր հարթակի միջոցով։ Սա երաշխավորում է, որ բոլոր կարծիքներն իրական են։ Բժիշկ ընտրելուց հետո պացիենտը տեսնում է բժշկի մոտ ազատ ժամերը եւ ամրագրում այց՝ իրեն հարմար օրվա եւ ժամի համար։

photo © Մեդիամաքս


Բժիշկն էլ իր հավելվածի միջոցով ստանում է ծանուցում նոր ամրագրված այցի մասին եւ ըստ իր հարմարության, ընդունում կամ մերժում հայտը։ Բժիշկները մեզ հետ համագործակցելու համար ազատ են. ներբեռնում են հավելվածը ու երեք քայլով գրանցվում։ Լրացնում են կոնտակտային տվյալները, կրթության եւ աշխատավայրի մասին ինֆորմացիան։ Կարող են նշել նաեւ ծառայությունների արժեքը, օրինակ՝ որքան արժի կոնսուլտացիան։

Զավեն

Բժիշկներ կան, որ մեկից ավելի բուժհաստատությունում են աշխատում: Նրանք հնարավորություն ունեն համապատասխան ժամերով ու օրերով նշել բոլոր այն բուժկենտրոնները, որտեղ աշխատում են:

photo © Մեդիամաքս


Բժիշկների մեծ մասը, հատկապես նոր սերունդն այսօր օգտագործում է Instagram, Facebook եւ այլ սոցիալական հարթակներ, որ ճանաչելի դառնա պացիենտների շրջանակում։ Սա մարքեթինգային գործիք հանդիսացող լրացուցիչ գործիք է։

Կան նաեւ լավ կրթություն ստացած, պատրաստված, բայց նոր բժիշկներ, որ ուղղակի հնարավորություն չունեն երեւալու, որովհետեւ, կարելի է ասել՝ ոլորտը գրավված է: Այս բոլոր խնդիրներն են նաեւ հիմք հանդիսացել, որ նման հարթակ մշակվի:

Իրինա

Ամեն ինչ անում ենք, որ բժիշկների համար նախատեսված հավելվածը դառնա նրանց անձնական օգնականը, «բոլորը մեկում» գործիքը։

Օրինակ, բժիշկները 5 տարում պետք է հավաքեն 200 կրեդիտ, որպեսզի կարողանան շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։ Առաջին 5 տարին լրանում է հունվարին ու իրականում շատ բժիշկների մոտ դա խնդիր է, պետք է անընդհատ մասնակցեն տարբեր միջոցառումների, որոնք կրեդիտավորված են, որպեսզի հավաքեն այդ միավորները։

Իրինա Ղազարյանը Իրինա Ղազարյանը
photo © Մեդիամաքս


Հավելվածում մենք նաեւ ավելացրել ենք այդ միջոցառումների հատվածը, որտեղ բժիշկները կարող են տեսնել ու տեղեկանալ իրենց համապատասխան միջոցառումների մասին ու մասնակցեն։

Աստիճանաբար ավելացնում ենք այն գործիքները, որոնք կհեշտացնեն նրանց մասնագիտական գործունեությունն ու առօրյան։

Ընդ որում, միջոցառումների գաղափարը մեզ մոտ ծագել է մարզերում բժիշկների հետ շփումից, քանի որ նրանք հիմնականում տեղյակ չեն՝ ինչ պահանջներ կան, չեն հասցնում հետեւել, թե ինչ է կատարվում:

Թիրախային շուկան եւ օգտագործելիության վիճակագրություն

Իրինա

Այս պահին ունենք մոտ 10 հազար գրանցված պացիենտ-օգտատեր, համագործակցում ենք հանրապետության ամենատարբեր հիվանդանոցների մոտ 600 բժշկի հետ: Այս պահին հարթակը գործում է միայն Հայաստանում։

Իրինա Ղազարյանը Իրինա Ղազարյանը
photo © Մեդիամաքս


Արդեն իրականացրել ենք 2500-ից ավելի այցի ամրագրում, ունենք 1000-ից ավելի ստուգված կարծիք։ Ներկայում, երբ շատ օտարերկրացիներ են տեղափոխվել Հայաստան, նկատում ենք, որ նրանք նույնպես օգտվում են այս գործիքից ու մեր միջոցով բավականին շատ այցեր են գրանցվում:

Դժվարությունները, առանձնահատկություններն ու տվյալների անվտանգությունը

Զավեն

Քովիդի շրջանում աշխատանքը դժվար էր, քանի որ բոլորը հեռակա էին աշխատում, պետք էր կարճ ժամանակում տնից աշխատող թիմին կազմակերպել այնպես, որ հասցնենք։ Սկսեցինք 2020 թվականի ապրիլին եւ արդեն սեպտեմբերին հավելվածը պատրաստ էր iOS եւ Android համակարգերի համար։ Էքսպերիմենտի կարգով փորձեցինք բժիշկների հավելվածը մշակել Flutter-ի հիբրիդային լուծումով, որ մեկ հավելված գրվի, բայց աշխատի երկու հարթակում։ Ունենք համապատասխան սերվերային համակարգերն ու ադմին պանելը, որը կառավարում է ամբողջ պրոցեսը։

Զավեն Նաղաշյանը Զավեն Նաղաշյանը
photo © Մեդիամաքս


Տեխնիկական տեսանկյունից փորձել ենք բարձր մակարդակով լուծումներ տալ։ Մենք նվազագույն տվյալներ ենք պահում, չունենք հիվանդությունների տվյալներ ու պատմություններ։ Հաջորդ քայլերից մեկը լինելու է անվտանգային սերտիֆիկատների ստացումը։

Իրինա

Սկզբից թվում էր, թե ընդամենը այցի ամրագրում է, բայց կան շատ նրբություններ։ Պացիենտները չեն ցանկանում, որ թեկուզ մեր աջակցման կենտրոնի աշխատակիցներն իմանան, թե իրենք ինչ բժշկի են այցելում։ Մի քանի դեպք է գրանցվել, երբ պացիենտը կեղծ անուն է գրել ու նման դեպքերից խուսափելու համար ուղղակի փակում ենք այդ տվյալները։ Նույնիսկ մեր աջակցման կենտրոնի աշխատակիցները չեն տեսնում պացիենտների անունները:

Ներդրումները, թիմն ու գլոբալ շուկա մուտք գործելը

Իրինա

Մասնակցել ենք Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին, նոր մարդկանց հետ ծանոթացել, վերջում դեմո օր ունեցել: Մասնակցել ու հաղթել ենք GIZ-ի կազմակերպած 10 հազար եվրո դրամաշնորհի մրցույթին, նաեւ FAST հիմնադրամի STAN-ի փիչինգ միջոցառմանը, որի արդյունքում ներգրավել ենք մեր առաջին ներդրումը։

photo © Մեդիամաքս


«Գաղափարից բիզնես» հաղորդման հաղթողն ենք դարձել ու Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից դրամաշնորհ ստացել։ Ներդրումներն անհրաժեշտ էին, որ ավելի արագ առաջ գնանք։

Առաջարկներ ու քննարկումներ ունեցել ենք, սակայն այս պահին դեռ ներդրումներ ներգրավել չենք պլանավորում։

Զավեն

Թիմը երկու մասից է բաղկացած։ Մի մասը հենց Doctor Yan-ի թիմն է՝ մենեջմենթի, մարքեթինգի թիմերը, սպասարկման կենտրոնը, որոնք գործում են Իրինայի ղեկավարության ներքո։ Մյուս հատվածը տեխնիկական թիմն է, որը կազմված է Naghashyan Solutions-ի աշխատակիցներից։

Իրինա

Աջակցման կենտրոնի աշխատակիցներից մեկը հենց բժշկուհի է ու այս տարի ավարտում է օրդինատուրան:

photo © Մեդիամաքս


Այս հանգամանքը շատ է հեշտացնում մեր աշխատանքը, որովհետեւ երկու կողմին էլ լավ ճանաչում է։ Այժմ փնտրում ենք մարքեթինգի ու վաճառքի մասնագետների։

Զավեն

Մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն այս ծանոթությունն էր, որ ճանաչեցինք միմյանց ու ընկերացանք։ Մեծ ներուժ ենք տեսնում ոչ միայն տեղական, այլեւ գլոբալ շուկայում։

Իրինա

Ծրագրում ենք մինչեւ 2024 թվականը ծածկել Հայաստանի առնվազն 30 տոկոսը, այդ ժամանակ արդեն պատրաստ կլինենք մուտք գործել եւս մեկ շուկա։ Թիրախավորում ենք զարգացող երկրները, որտեղ շուկան նման է Հայաստանին եւ ունեն նմանատիպ խնդիրներ։

Իրինա Ղազարյանը եւ Զավեն Նաղաշյանը Իրինա Ղազարյանը եւ Զավեն Նաղաշյանը
photo © Մեդիամաքս


Քանի որ համագործակցում ենք եւ՛ դեղագործական ընկերությունների, եւ՛ մի շարք այլ առողջապահական մեծ ընկերությունների հետ, արդեն ունենք այդ կապերը նաեւ արտասահմանում աշխատանքներ սկսելու համար։

Նունե Գրիգորյան