18:34 | 08.11.22 | Նորություններ | 1573
Նոյեմբերի 8-ին Հայաստանի եվրոպական համալսարանում (ՀԵՀ) կայացել է «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների բացումը։
Նորաբաց գիտահետազոտական լաբորատորիաները կնպաստեն որակյալ կադրեր պատրաստելուն, ուսանողների պրակտիկ հմտությունները զարգացնելուն։
«Գործնական լաբորատոր պարապմունքներն այսօր էական նշանակություն ունեն աշխատաշուկայի ներկա պահանջները բավարարելու և արդյունաբերության մեջ առկա խնդիրներին լուծումներ տալու առումով: Վստահ եմ, որ «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաները կնպաստեն, որպեսզի տեսական գիտելիքները համադրվեն պրակտիկ, կիրառական փորձառության հետ: Լիահույս եմ, որ այս լաբորատորիաներում նոր մտքեր, նոր գաղափարներ կգեներացվեն, որոնք էական դերակատարություն կունենան մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացի գործում»,- ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
«Ինոտեխում» ՀԵՀ մասնագետների և ուսանողների կողմից իսպանական «Էկոսոֆթ» ընկերության և իտալական «ԵՎՐՈԱԿ» գիտահետազոտական կենտրոնի մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում կիրառության են պատրաստվել շուրջ 20 սարքեր: Նորարարական սարքերի թվում են ֆանդոմատները՝ դատարկ շշերի մշակման սարքերը, խելացի համակարգերը, որոնք 10-ից ավելի գործառույթներ են իրականցնում և զարգացման լայն հնարավորություններ ունեն:
Խելացի ավտոկանգառների առաջին օրինակն էլ, որի նմուշը ներկայացված էր լաբորատորիաներում, համալսարանականները ցանկանում են նվիրաբերել Երևանի քաղաքապետարանին՝ առաջարկելով այն տեղադրել հենց բուհի հարևանությամբ:
«Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների ծրագիրն իրականացվում է ՀԵՀ հիմնադիրներ՝ իտալական «ԵՎՐՈԱԿ» գիտահետազոտական կենտրոնի, Լիոնի առևտրաարդյունաբերական պալատի «Հիբրիա» տեխնոլոգիական ինստիտուտի, իսպանական «Էկոսոֆթ» և «Վենգրատ» ընկերությունների հետ համատեղ։