15:25 | 08.11.22 | Նորություններ | 11694

Դիջիթեյնը և Garage48-ը ամփոփել են M1TQ ծրագրի երկրորդ շրջափուլը

Դիջիթեյն ընկերությունն իր Դիջիթաուն նախագծի շրջանակում արդեն երկրորդ անգամ իրականացրել է և նոյեմբերի 7-ին դեմո օրով ամփոփել է M1TQ ծրագիրը՝ համագործակցելով ոլորտում 12 տարվա փորձ ունեցող էստոնական Garage48-ի հետ։  

Աքսելերացիոն ծրագիրը հաղթահարած 7 ստարտափ թիմեր ներկայացել են փինչինգով Հայաստանից և Էստոնիայից ներդրողներին և վենչուրային կապիտալիստներին հնարավոր ներդրումներ ստանալու նպատակով։ Ժուրիի քվեարկության արդյունքում MoodMap ստարտափը զբաղեցրել է առաջին հորիզոնականն ու Դիջիթեյնի կողմից ստացել 10,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

photo © Digitain


Ծրագրի գործընկերները նույնպես պատրաստել էին օգտակար ու այս փուլում շատ անհրաժեշտ նվերներ ֆինալիստ ստարտափների համար։ Step Consulting-ն առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած MoodMap, HandyTalk և oqni թիմերին տրամադրել է անվճար հարկային և իրավաբանական խորհրդատվություն, Gradus Solutions-ն անվճար մարքեթինգային խորհրդատվության փաթեթը հանձնել է #FBF ստարտափին, իսկ Koriz ընկերությունը մարքեթինգային և բրենդինգային ծառայություն է նվիրել HandyTalk թիմին և մարքեթինգային ու բրենդինգային խորհրդատվություն՝ MoodMap-ին։

photo © Digitain


Դեմո օրվա առթիվ Հայաստան էր ժամանել Garage48-ի համահիմնադիր, քառասունից ավել հեքեթոնների մոդերատոր Պրիիտ Սալումաան, որը կիսվել է իր անցած ձեռնարկատիրական ճանապարհի և հիմնադրած ստարտափների պատմությունով, ինչպես նաև զուգահեռներ անցկացրել հայկական ու էստոնական ստարտափ էկոհամակարգերի միջև: Նա նաև վարել է միջոցառումն ու «Ժամանակն է սկսելու․ Էստոնիայի և Հայաստանի զարգացող ստարտափները» թեմայով պանելային քննարկումը։

photo © Digitain


Քննարկամանը մասնակցում էին ոլորտի փորձառու ներկայացուցիչներից՝  ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը,  INSTILL վենչուրային կապիտալի գլխավոր գործընկեր և Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր և տնօրեն Դիանա Արզումանյանը և M1TQ-ի առաջին շրջափուլի հաղթող ստարտափ ArmBionics-ի համահիմնադիր և տնօրեն Մարինա Դավթյանը։

photo © Digitain


«Այս անգամ M1TQ-ը կազմակերպել էինք հեքեթոնի և աքսելերացիայի համադրությամբ․  ծրագրի մեկնարկը տրվել էր դեռ մայիսին հեքեթոնով, որին մասնակցելու համար ունեինք շուրջ 350 դիմորդ։ Հեքեթոնին մասնակցեցին 187 երիտասարդներ և ներկայացվեց 50 նորորար գաղափար, որոնցից 27-ի շուրջ ձևավորվեցին թիմեր։ 48 ժամվա ընթացքում մասնակիցները մշակեցին իրենց գաղափարների նախատիպերը և հեքեթոնի ավարտին ներկայացրեցին ժուրիին։ Արդյունքում նրանցից 14-ը հնարավորություն ստացան մասնակցելու M1TQ աքսելրացիոն ծրագրին։

photo © Digitain


12-շաբաթյա ինտենսիվ ծրագիրն իրականացրեցին Garage48-ի փորձառու մասնագետները, որի արդյունքում 7 թիմեր վերջնականացրեցին իրենց գաղափարները, մշակեցին պրոդուկտներն ու այսօր պատրաստ ներկայացան ներդրողներին։ Լիահույս ենք, որ թիմերը կշարունակեն իրենց ստարտափային ճանապարհն ու շուտով կլսենք նրանց ավելի մեծ հաջողությունների մասին»,- ամփոփելով M1TQ-ի երկրորդ շրջափուլը նշել է ծրագրի ղեկավար Մանե Վարոսյանը։  

photo © Digitain


Նշենք, որ Դիջիթեյնը՝ որպես տեխնոլոգիական ընկերություն, իր պարտքն է համարում զարգացնել Հայաստանի տեխնո ոլորտն ու ստարտափ էկոհամակարգը, որի շրջանակում էլ նախագծվել է Դիջիթաունը, որի բաղադրիչներից առաջինն է M1TQ ծրագիրը։ Ընկերության հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել գրավիչ տեխնոլոգիական կենտրոն ամբողջ աշխարհի համար։

M1TQ ծրագրի դեմո օրվա հեռարձակումը կարող եք դիտել այսետղ։