16:52 | 07.11.22 | Նորություններ | 1396

ForMath 2022․ առաջատար ընկերությունները՝ հանուն կրթության

Դեկտեմբերի 2-ին տեղի կունենա այս տարվա ForMath մրցույթի գլխավոր տարեկան միջոցառումը։

ForMath-ը «Այբ» կրթական հիմնադրամի եւ «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի կողմից իրականացվող կրթական նախաձեռնություն է, որն ունի ֆոնդահայթայթման նպատակ։

Միջոցառման ընթացքում ընկերությունների աշխատակիցներից կազմված չորս հոգանոց թիմերը մասնակցում են մաթեմատիկայի եւ տրամաբանության մրցույթին՝ փորձելով գրանցել լավագույն արդյունք։ Իսկ մասնակցության վճարներից գոյացած գումարն ամբողջությամբ ուղղվում է «Քան» ակադեմիայի հայկական հարթակում անվճար հայալեզու կրթական բովանդակության ստեղծմանը եւ բոլոր երեխաների համար այն հասանելի դարձնելուն։

Խոսքը դպրոցական ծրագրի չափորոշիչներին համապատասխանեցված նյութերի մասին է, որոնք աշակերտներին մատուցվում են հետաքրքրիր տեսանյութերի ու վարժությունների միջոցով եւ դարձնում սովորելն ավելի հեշտ ու գրավիչ։ «Քան» ակադեմիան համաշխարհային լայն ճանաչում ունեցող եւ որակյալ կրթական նյութերի մեծ շտեմարան է, որից այսօր օգտվում են միլիոնավոր մարդիկ։

Միջոցառումների այս շարքին մասնակցում են սոցիալական բարձր պատասխանատվությամբ լավագույն կազմակերպություններ, որոնք այսպիսով՝

•    նպաստում են մաթեմատիկայի որակյալ հայալեզու նյութերի անվճար հասանելիությանը բոլոր երեխաների համար,
•    բարելավում են գործատուի իրենց վարկանիշը,
•    ներդրում կատարում իրենց բիզնեսի կայուն զարգացման մեջ (ներդրում ապագա հավանական աշխատակիցների եւ սպառողների զարգացման մեջ),
•    նպաստում աշխատակիցների՝ թիմային աշխատանքում ներգրավվածության աճին,
•    միավորվում ոլորտային համայնքով՝ համատեղ ուժերով նպաստելու դրական փոփոխություններին։

«Այբ» կրթական հիմնադրամն արդեն իրականացրել է ForMath-ի երկու միջոցառում, որոնց մասնակցել է 9 առաջատար տեխնոլոգիական կազմակերպություն։ Արդյունքում հավաքվել է 2 500 000 ՀՀ դրամ, որով արդեն իսկ տեղայնացվել է մաթեմատիկայի 151 տեսանյութ եւ 128 400 բառ (վարժություններ եւ հոդվածներ):