14:02 | 28.10.22 | Նորություններ | 12317

Վիվա-ՄՏՍ-ի ջանքերով Լոռու մարզում աշնանը կտնկվի 20 000 ծառ

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով աշնանը 20 000 ծառ կտնկվի:

Նշվում է, որ կլիմայի փոփոխությունը լուրջ մարտահրավեր է դարձել աշխարհի համար: Դրանից զերծ չէ նաեւ տարածաշրջանում անտառների մակերեսով վերջին տեղը զբաղեցնող Հայաստանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը արդեն 17 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր է իրականացնում։

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն անվանական ծառ է տնկել «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության՝ Լոռու մարզում գործող «Պենժամին Գումուշճեան» տնկարանում կազմակերպված շրջայցի ընթացքում։ Լոռու մարզի Ջրաշեն-2՝ դեռեւս լերկ 6 հա տարածքում այս աշնանը կտնկվի 20 000 ծառ: Ծառատունկին կմասնակցեն նաեւ Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները:

«ՏՀՏ ոլորտի նպատակները հստակ են. դա տեխնոլոգիաների անդադար զարգացումն ու կիրառումն է մարդու եւ բիզնեսի կարիքների համար: Մենք ջանք չենք խնայում այս ոլորտում առաջատարը լինելու համար: Իսկ բնապահպանության հարցում մոտեցումն այլ է: Միջամտությունը շրջակա միջավայրին պետք է համահունչ լինի բնության զարգացման օրենքներին: Համայնքների կայուն զարգացումը, բնության հետ ներդաշնակ ապրելու անհրաժեշտությունը պարտավորեցնում են պատասխանատվությամբ վերաբերվել մեր գործունեությանը: Եթե մենք այսօր անտարբերության մատնենք խնդիրները, վաղը դրանց հետեւանքները կարող են զգալ մեր երեխաները: Այն, ինչ անում ենք, կարեւոր է էկոհամակարգի պահպանության համար: Բնապահպանական մեր գործունեությունը միտված է արդյունքներ ապահովելուն երկարաժամկետ կտրվածքով», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ծառատունկի եւ խնամքի շրջանում այս տարի հիմնական «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության աշխատողներին է միացել շուրջ 250 հոգի՝ դարձյալ Լոռու մարզից։

Ընթացիկ տարվա աշնանն ու գարնանը 20 000 ծառ տնկելու համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է 12,6 միլիոն դրամ: