11:58 | 28.10.22 | Նորություններ | 2766
Իլոն Մասկը պաշտոնապես ավարտել է Twitter-ը 44 միլիարդ դոլարով գնելու գործարքը։
Որպես սեփականատեր՝ նա առաջին քայլով աշխատանքից ազատել է ընկերության երկարամյա թոփ մենեջերներին: Գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը, գլխավոր ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալը, Իրավական քաղաքականության եւ անվտանգության բաժնի ղեկավար Վիջայա Գադեն եւ գլխավոր խորհրդական Շոն Էջեթը հեռացել են պաշտոններից, գրում է The Washington Post-ը:
Twitter-յան էջում Մասկը գրել է. «Թռչունն ազատ է» (The bird is freed)։ Դրանից առաջ նա սոցցանցում իրեն ներկայացրել էր որպես «Թվիթերի ղեկավար (Chief Twit):
the bird is freed
— Elon Musk (@elonmusk) October 28, 2022
Մասկի գործողություններն ազդարարում են Twitter-ի պատմության մեջ իր հետքը թողնելու նրա մտադրությունները՝ լրջորեն փոխելով ընկերությունը եւ համանուն սոցիալական ցանցը։ Նախկինում Մասկը բազմիցս հրապարակային քննադատել է ղեկավարությանը բովանդակության մոդերատորության որոշումների համար, ինչպես նաեւ հայտարարել է, որ կվերականգնի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվը։
Այժմ Մասկը նախատեսում է թուլացնել գրաքննությունը եւ բովանդակության վերահսկման չափանիշները Twitter-ում: