17:07 | 25.10.22 | Նորություններ | 2065

Meta-ի բաժնետերը հորդորել է կրճատել անձնակազմի եւ մետատիեզերքի ծախսերը

Meta ընկերության բաժնետոմսերը 2022 թվականին նվազել են ավելի քան 60%-ով: Altimeter Capital ներդրումային ընկերության ղեկավար Բրեդ Գերսթները (երկրորդ եռամսյակի վերջում ուներ ավելի քան 2 միլիոն դոլարի Meta-ի բաժնետոմս) բաց նամակ է ուղղել Մարկ Ցուկերբերգին եւ Meta-ի տնօրենների խորհրդին։

Նամակում նշվում է, որ թեեւ Altimeter Capital-ն աջակցում է հիմնադրի՝ ընկերությունը գլխավորելը եւ Meta-ի ընդհանուր ռազմավարությանը, բայց հորդորում է ղեկավարությանը կենտրոնանալ: Ներդրողների, աշխատակիցների եւ ՏՏ համայնքի վստահությունը վերականգնելու համար Գերսթներն առաջարկում է երեք քայլ.

Նախ՝ կրճատել անձնակազմի ծախսերը առնվազն 20%-ով: Երկրորդ՝ տարեկան կապիտալ ծախսերը կրճատել առնվազն 5 միլիարդ դոլարով (մինչեւ 25 միլիարդ դոլար): Երրորդ՝ սահմանափակել ներդրումները մետատիեզերքի եւ Reality Labs-ի (մասնավորապես՝ մշակում է AR/VR սարքեր) ուղղությամբ տարեկան 5 միլիարդ դոլարից ոչ ավելի:

Բացատրելով վերջին առաջարկը՝ Գերսթները նշել է, որ Meta-ի ներդրումը մետատիեզերքի մեջ տարակուսելի է. օրինակ, մարդիկ լիովին չեն հասկանում, թե դա ինչ է։

«Եթե ընկերությունը տարեկան 1-2 միլիարդ դոլարի ներդրում կատարեր այս նախագծում, դա ընդհանրապես խնդիր չէր դառնա։ Դուք հանգիստ կզբաղվեիք հետազոտություններով եւ մշակմամբ, իսկ ներդրողները կկենտրոնանային հիմնական բիզնեսի եւ AI-ի ոլորտում առաջընթացի վրա:

Փոխարենը, ընկերությունը հայտարարել է, որ տարեկան 10-15 միլիարդ դոլար կներդնի մետատիեզերքում, եւ արդյունք տեսնելու համար կարող է պահանջվել 10 տարի: Ավելի քան 100 միլիարդ դոլարի առաջարկվող ներդրումն անհայտ ապագայում հսկայական է եւ սարսափելի, նույնիսկ Սիլիկոնյան հովտի չափանիշներով»,- ասել է Altimeter Capital-ի գործադիր տնօրեն Բրեդ Գերսթները։

 Թոփ մենեջերը նշել է, որ դրանք պահանջներ չեն, եւ ներդրումային ընկերությունը հավատում է Meta-ի թիմին։

Meta-ի բաժնետոմսերը 2022 թվականին նվազել են ավելի քան 61%-ով, նշում է CNBC-ն։ 2022 թվականի մայիսին ընկերությունն արդեն զգուշացրել է աշխատակիցներին Reality Labs-ում աշխատանքից ազատվելու մասին, իսկ հուլիսին՝ «դժվար ժամանակների» եւ ընդհանրապես աշխատանքի ընդունման կրճատման մասին։