Մասնակիցներ և դասընթացավար
Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալլագեր
15:04 | 19.10.22 | Նորություններ | 1891
Երեւանի ու մարզերի շուրջ 10 համալսարանի 800-ից ավելի ուսանող սովորում է FAST-ի SciNova նախաձեռնության ուսումնական ծրագրերով։ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ստեղծարար գրասենյակում կայացել է SciNova ծրագրի 2 տարվա ամփոփիչ միջոցառումը։
Ծրագրի նպատակն է հայ ուսանողներին զինել գիտական հետազոտության իրականացման գիտելիքներով ու հմտություններով, զարգացնել նրանց հետազոտության արդյունքները նորարարական պրոդուկտի վերածելու կարողությունները։
2020-2022թ. ծրագրի շրջանակում վերապատրաստվել է բնագիտամաթեմատիկական կրթություն իրականացնող 15 համալսարանից շուրջ 100 դասախոս։
Արդյունքում Երեւանում եւ մարզերում գործող 10 բարձրագույն ուսումնական հաստատությունում բարեփոխվել է «Գիտահետազոտության մեթոդաբանություն» դասընթացը՝ նոր տարբերակով հասանելի դառնալով 800-ից ավելի ուսանողի համար։ Որոշ համալսարաններ ներկայում մշակում են «Գիտության նորարարության առեւտրայնացման» դասընթացի ներդրման ծրագիրը։
SciNova-ն իրականացվում է Ասթոն համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետ համատեղ, եւ ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» ծրագրի կողմից։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ SciNova ծրագրի շրջանակում մշակված դասընթացավարների երկլեզու (հայերեն եւ անգլերեն) ձեռնարկների շնորհանդեսը։
Ձեռնարկների նպատակն է օժանդակել դասախոսներին՝ «Գիտահետազոտության մեթոդաբանություն» եւ «Գիտական նորարարությունների առեւտրայնացում» առարկաների դասավանդումը նորացված մեթոդներով իրականացնելու գործում։
Ձեռնարկների մշակման աշխատանքներում FAST-ը համագործակցել է ամերիկյան «Ջեթփաբ Սայնթիֆիք Քըմյունիքեյշնզ» ընկերության (JetPub Scientific Communications LLC) եւ բրիտանական Ասթոն (Aston) համալսարանի մասնագետներից կազմված խմբագրական խորհրդի հետ։
«Մենք շարունակելու ենք համալսարանների հետ մեկնարկած համագործակցությունները SciNova ծրագրի շրջանակում։ Պլանավորում ենք նաեւ առաջիկայում շարունակել օժանդակությունը հատկապես «Գիտության նորարարության առեւտրայնացման» դասընթացի արդյունավետ իրականացման ուղղությամբ՝ որպես համեմատաբար նոր գիտելիք ու ոլորտ, ինչպես նաեւ ծրագրեր մշակել բակալավրիատի համար՝ ապահովելով այս ոլորտում դասընթացների շարունակականությունն ու ավելի վաղ տարիքից հմտությունների զարգացումը»,- նշել է FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը։
Հանդիպմանը նաեւ հնարավորություն է ստեղծվել ակադեմիական ոլորտի ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկելու գիտական հետազոտությունների եւ գիտության նորարարության առեւտրայնացման համար Հայաստանում ներկա հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։