13:50 | 12.10.22 | Նորություններ | 42061
Հայաստանի վճարահաշվարկային շուկայի ամենախոշոր համակարգը ներկայացնող Telcell ընկերությունը հայտնում է, որ 15 տարի ղեկավարումից հետո Արամ Ազատյանը թողնում է գլխավոր տնօրենի պաշտոնը։
Telcell թիմը ընկերության 15 տարվա ձեռքբերումների ամփոփման եւ այդ ճանապարհին իրենց առաջնորդող ղեկավարին երախտագիտության միջոցառում էր կազմակերպել, որին ներկա էր Telcell թիմը՝ ընկերության Խորհրդի նախագահ Արտաշես Ավետիսյանի գլխավորությամբ։
Արամ Ազատյանն իր ելույթում ասել է, որ Telcell-ի գործունեությունը սկսելիս թիմն իր առջեւ դրել էր ժամանակի համար բավական հավակնոտ նպատակներ։
«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր, որ ընկերության զարգացումը հենց ինձ վստահվեց, ինչի համար շնորհակալ եմ։ Այսօր Telcell-ն իր 15-ամյա հոբելյանը դիմավորում է վճարումների ազգային օպերատորի դիրքավորմամբ: Ընկերության ավելի քան 4500 տերմինալի ցանցը սպասարկում է Հայաստանի ողջ տարածքն ու Արցախը: Telcell Wallet-ի շուրջ 700 000 նույնականացված օգտատիրոջ ընկերությունը մատուցում է ծառայությունների մեծ տեսականի, այդ թվում՝ ֆինանսական պրոդուկտների լայն բազմազանությամբ: Ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է 700 միլիարդ դրամը: 2022թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների շարքում Telcell-ը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշները հպարտանալու առիթ են»,- ասել է Արամ Ազատյանը:
Նա ընդգծել է, որ 15 տարվա ամենամեծ ձեռքբերումը Telcell թիմն է, որի հետ անցել է բազում մարտահրավերներով ճանապարհ ու տոնել ընկերության հաջողությունները։
«Telcell-ը մարդկանց մասին է, մարդիկ, որոնք ոչ միայն գործընկեր, այլեւ ընկեր ու հարազատ են։ Telcell-ի գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելը չի նշանակում, որ ես բաժանվում եմ իմ սիրելի թիմից։ Անկախ աշխատանքային հարաբերություններից՝ մեր հարազատությունը մշտապես մնալու է»,- ասել է Արամ Ազատյանը։
Telcell ընկերությունից հայտնել են, որ գլխավոր տնօրեն է նշանակվել Համբարձում Դանելյանը։
«Այսօրվանից ստանձնում եմ Telcell-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, ինչը, անկասկած, մեծ պատասխանատվություն է, նաեւ՝ նոր գաղափարների իրագործման հնարավորություն։ Պատիվ եմ ունեցել աշխատել նախկին տնօրեն Արամ Ազատյանի հետ։ Շնորհակալ ենք Արամին՝ հասուն կառավարման համակարգ եւ համախմբված պրոֆեսիոնալների թիմ թողնելու համար։
Մեր ծառայությունները դարձնելու ենք էլ ավելի հարմար, արագ ու մատչելի Հայաստանի բնակչության եւ հյուրերի համար, ընդլայնելու ենք թվային ծառայությունները, ստեղծելու ենք նոր եւ օգտակար վճարային գործիքներ»,- ասել է Telcell-ի նոր տնօրեն Համբարձում Դանելյանը։
Telcell-ի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ: