15:43 | 07.10.22 | Նորություններ | 1682

Կապանում TUMO, COAF, Smart Center եւ այլ ինովացիոն կենտրոններ կգործեն

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում իրականացվում է նորարարական կրթական ծառայությունների ներդրման ծրագիր, որի արդյունքում Կապանում կընդլայնվեն TUMO, COAF, Smart Center եւ այլ նորարական կենտրոններ։

Այս մասին Գլոբալ ամենամյա նորարարական ֆորումի ընթացքում (GIF22) հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության մոդելները զուգահեռաբար կգործեն: Կապանի գյուղական բնակավայրերում մենք իրականացնելու ենք կրթահամալիրների վերակառուցման եւ կառուցման աշխատանքներ՝ դրանց հաղորդելով նորարական լուծումներ եւ հասանելի դարձնելով նոր ծառայություններ: Այնտեղ գործելու են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոններ: Կարծում ենք՝ կրթությունը կազմակերպելու համար սա ամենաճիշտ ճանապարհն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

«EdTech» թեմայով քննարկմանը մասնակցել են նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը եւ Հայ կրթական հիմնադրամի անդամ ու նվիրատու Ալիս Պետրոսյանը:

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներին՝ երկրի վրա մարդու կյանքում արհեստական բանականության ազդեցությանն ուղղված հատուկ շեշտադրությամբ: