11:06 | 26.09.22 | Նորություններ | 1349

ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանը Երեւանում կկիսվի իր փորձով

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Fireside Chat միջոցառման ընթացքում ServiceTitan-ի համահիմնադիր եւ նախագահ Վահե Կուզոյանը կկիսվի իր փորձով ու հաջողելու բանաձեւով։

Փորձառու ձեռներեցը կներկայացնի, թե ձեռներեցներն ու ուսանողները ինչպես կարող են աշխատել Հայաստանում նորարարության եւ իրենց գաղափարների զարգացման ուղղությամբ՝ հիմնվելով իր ձեռնարկատիրական ճանապարհորդության պատմությունների եւ դասերի վրա: Նա կներկայացնի նաեւ Հայաստանում ServiceTitan-ի վերջին շրջանում իրականացվող ծրագրերը:

ServiceTitan-ը հիմնադրվել է 2012 թվականին հայազգի Արա Մահդեսյանի եւ Վահե Կուզոյանի կողմից։ Ընկերությունն ամպային եւ շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին։ Անցյալ տարի ընկերությունը ստացել է 700 միլիոն դոլար ներդրում, այժմ գնահատվում է 9,5 միլիարդ դոլար:

ServiceTitan-ը Հայաստանում 40 մլն դոլարի ներդրում է կատարել՝ բացելով 2 գրասենյակ։ Հայկական թիմը մշտապես ընդլայնվում է, բացվում են նոր բաժիններ մասնագիտությունների համար, մշտապես մշակվում են ներդրումային ծրագրեր։