12:13 | 16.09.22 | Նորություններ | 1744

ԱՏՁՄ-ն հետաձգել է DigiTec տեխնոլոգիական համաժողովը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հետաձգել է ամենամյա DigiTec Expo-ն՝ տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը։

«Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված առանձնահատկությունները, առաջիկա օրերին իրավիճակի կայունացման անկանխատեսելիությունը, ինչպես նաեւ մեր անդամներից եւ մասնակիցներից ստացված արձագանքները՝ ԱՏՁՄ-ն ստիպված է եղել որոշում ընդունել հետաձգելու DigiTec վեհաժողովի եւ ցուցահանդեսի անցկացումը։ Համոզված ենք, որ բոլորը կիսում են մեր մտահոգությունն ու այն համարում հիմնավորված։

Առանձնահատուկ ուզում ենք նշել, որ մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերների հաղթահարման ճանապարհը ուժեղ արդյունաբերություն ունենալն է, ինչին էլ 2005 թ.-ից ի վեր ծառայում է ԴիջիԹեք ցուցահանդեսը։ Ուստի հաստատակամ ենք այն պարտադիր անցկացնելու որոշման մեջ՝ իրավիճակի կայունացումից եւ համապատասխան միջավայրի վերականգնումից անմիջապես հետո»,-նշված է ԱՏՁՄ-ի տարածած հայտարարությունում։

Այս տարի ցուցահանդեսը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։