11:01 | 15.09.22 | Նորություններ | 8197

Հայաստանը 47-րդն է թվային կյանքի որակի ինդեքսում

2022 թվականի թվային կյանքի որակի ինդեքսի (DQL) համաձայն Հայաստանը թվային բարեկեցության ցուցանիշով աշխարհում 47-րդն է 117 երկրներից։
 
Հետազոտությունն իրականացնում է Surfshark կիբերանվտանգության ընկերությունը։ Այն գնահատում է երկրները՝ հիմնվելով թվային բարեկեցության հինգ հիմնարար սյուների վրա՝ ինտերնետի որակ, էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային ենթակառուցվածք, ինտերնետի հասանելիություն և էլեկտրոնային անվտանգություն:

Թվային կյանքի հինգ հիմնարար հենասյուներից ամենավատ գնահատականը ստացել է Հայաստանի էլեկտրոնային կառավարումը՝ զբաղեցնելով 71-րդ տեղը։ Լավագույն ցուցանիշը ինտերնետի հասանելիությունն է (2-րդ հորիզոնական): Հայաստանը ինտերնետի որակով 59-րդն է, իսկ էլեկտրոնային ենթակառուցվածքով և անվտանգությամբ՝ 68-րդը։
 
Նախորդ տարվա համեմատ Հայաստանն իր դիրքը բարելավել է 34 հորիզոնականով։
 
Հայաստանի էլեկտրոնային կառավարման մակարդակը պետք է բարելավվի 60%-ով, որպեսզի համապատասխանի լավագույն վարկանիշ ունեցող Միացյալ Նահանգների արդյունքին։
 
Հայաստանի ինտերնետի որակը (արագությունը, կայունությունը և աճը) զբաղեցնում է 59-րդ տեղը։
 
Ռուսաստանի համեմատ Հայաստանի շարժական ինտերնետը 17%-ով ավելի արագ է, իսկ լայնաշերտը՝ 2 անգամ դանդաղ։ Անցյալ տարվանից Հայաստանում շարժական ինտերնետի արագությունը բարելավվել է 18,3%-ով (5,4 Մբիթ/վրկ), իսկ ֆիքսված լայնաշերտ արագությունն աճել է 36,6%-ով (12,4 Մբիթ/վրկ): Համեմատության համար՝ Սինգապուրի բնակիչներն օգտվում են մինչև 104 Մբիթ/վրկ բջջային արագությունից և ֆիքսված մինչև 261 Մբիթ/վրկ արագությունից, որն այս տարի աշխարհում ամենաարագն է։

Ինտերնետի հասանելիության (գնի) ցուցանիշով Հայաստանն աշխարհում 2-րդն է։