17:15 | 02.09.22 | Նորություններ | 1465

Buissup Global Forum 2022-ը կհամախմբի 200 մասնակցի

Սեպտեմբերի 5-11 կանցկացվի Buissup Global Forum 2022-ը։ 7-օրյա անվճար բիզնես ֆորումի ընթացքում նորարական գաղափար ունեցող թիմերն ամբողջությամբ կմշակեն եւ ավարտին կհասցնեն իրենց բիզնես նախագծերը:

Լավագույնը ճանաչված նախագծերը կստանան իրական ներդրումներ։ Ֆորումի ամբողջ ընթացքում տարբեր ոլորտներում մասնագիտացված մենտորներ իրենց փորձով եւ գիտելիքներով կաջակցեն թիմերին նախագծերի կատարելագործման հարցում: Հաղթողները կհայտարարվեն սեպտեմբերի 10-ին Armenian Busines Forum 2022-ին։

Նախորդ տարվա մասնակիցներից է ստեղնաշար ստեղծած Text`nPayme ստարտափը, որը հնարավորություն է տալիս, տեքստային եւ ձայնային հրահանգներ ճանաչելով, ցանկացած մեսենջերից կատարել բանկային փոխանցումներ:
 
Text`nPayme–ի համահիմնադիր Արթուր Կարապետյանի խոսքով՝ իրենց ստարտափի համար բեկումնային էր միջոցառման 7 օրը։

Արթուր Կարապետյանը Արթուր Կարապետյանը
photo © Մեդիամաքս


«Մեզ համար ծրագիրն արդեն տարբերվում էր իր համարձակությամբ։ Մենք դիմեցինք որպես գաղափար ունեցող թիմ, իսկ դուրս եկանք արդեն բիզնես մոդել ձեւավորած ու հաղթող թիմ։ 2022-ի սկզբում էլ ստացանք մեր ֆինանսավորումը, որի շնորհիվ այս կես տարվա ընթացքում հիմնել ենք գրասենյակ, ընդլայնել ենք թիմը։ 2 բանկից 15 գործընկեր բանկի հետ սկսեցինք աշխատել՝ ավելացնելով համագործակցության շրջանակը»,- նշում է Արթուր Կարապետյանը։

Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն ասում է, որ աշխատում են ինչպես սկսնակ թիմերի հատ, այնպես էլ օգնում են արդեն հաջողություններ ունեցող ու գործող բիզնեսներին։ Նախորդ տարվա արդյունքները բավականին խոստումնալից են․ հաղթող է ճանաչվել 9 թիմ, ներդրումային պորտֆելը կազմել է մոտ $1,5 միլիոն։ Այս տարի նույնպես սպասվում է արդյունավետ համագործակցություն թիմերի, մենտորների եւ ներդրողների միջեւ։

Գոհար Ղումաշյանը Գոհար Ղումաշյանը
photo © Մեդիամաքս


«Ամբողջ տարվա ընթացում մենք բազմապրոֆիլ միջոցառումներ ենք անցկացնում։ Հունիսին կայացավ Buissup կոնֆերանսը, որը համախմբեց 1000-ից ավելի մասնակցի։ Հուլիսին կազմակերպեցինք Buissup Hackathon-ը, որն զուգահեռաբար անցկացվեց Հայաստանի 4 քաղաքում: Buissup Global Forum 2022-ի հայտադիմումներն այս տարի մոտ 300-ն էր, բոլորի հետ առանձին աշխատել ենք եւ ժյուրիի շնորհիվ եզրափակիչ փուլ է անցել 200-ը, շուրջ 50 նախագիծ»,-նշում է Գոհար Ղումաշյանը։

Դասախոսությունների ուղղություններն այս տարի հետեւյալն են՝

•    գաղափարի գնահատում եւ մոդելավորում,
•    մարքեթինգ եւ վաճառքներ,
•    ֆինանսների կառավարում,
•    ներդրողին ճիշտ ներկայանալու արվեստ։

Նարեկ Ալեքսանյանը Նարեկ Ալեքսանյանը
photo © Մեդիամաքս


Այս տարի Buissup ֆորումի առանձնահատկություններից մեկը մենտորների աշխատանքում նոր ձեւաչափի ներդնումն է։

«Ցանկացած հաջողված նախագծում 3 կարեւոր կոմպոնենտ կա․ հզոր գաղափար, կայուն թիմ եւ ռեսուրսներ։ Ֆորումի շրջանակում փորձում ենք փակել այս կոմպոնենտներում առկա բացերը։ Այս տարի ունենք անակնկալ։ Մեր մասնակիցները կլսեն բոլոր մենտորների տեսակետները ոչ միայն անհատական, այլեւ բանավեճային ֆորմատով։ Մեկ հարթակում մենտորներն իրենց սեփական տեսակետները կներկայացնեն պրոֆեսիոնալ հիմնավորումներով»,- նշում է Buissup ֆորումի հիմնական մենտոր Նարեկ Ալեքսանյանը։

Medu.am-ի համահիմնադիր Գեւորգ Գրիգորյանն էլ կարեւորում է հատկապես բիզնես մտածելակերպի ձեւավորումը եւ կարծրատիպային մտածելակերպի վերափոխումը։

Գեւորգ Գրիգորյանը Գեւորգ Գրիգորյանը
photo © Մեդիամաքս


«Ֆորումը բիզնեսի կարծրատիպերը կոտրում է եւ մարդուն զրոյից վերափոխում բիզնես մտածողություն ունեցողի։ Շնորհիվ այս միջոցառման մեր նախագիծը մոտ 60 տոկոսով փոխվել է՝ սոցիալական պրոյեկտից դառնալով իրական աշխատող բիզնես»,-ասում է Գեւորգ Գրիգորյանը։

Buissup Global Forum-ն իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ եւ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի