15:59 | 02.09.22 | Նորություններ | 1710

Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ DataFest Yerevan համաժողովը

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երեւան միջազգային համաժողովը:

Երկօրյա համաժողովն արդեն երրորդ տարին է համախմբում բազմաթիվ երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։

Համաժողովի նպատակն է խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի եւ արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով եւ նոր կապեր հաստատել։

«Այս տարի նկատվում է մարդկանց ավելի մեծ հոսք, ավելի շատ մարդիկ են հետաքրքրություն ցուցաբերել, կրկնակի շատ մասնակիցներ են գրանցվել: Արհեստական բանականության եւ տվյալագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծ թափ է առել: Այն նկատելի է դառնում խոսնակների եւ հովանավոր ընկերությունների քանակի աճից: Անցյալ տարի 3 լսարան էինք հատկացրել ելույթների համար, իսկ այս տարի՝ 4 լսարան, որ բոլոր ելույթները ավելի հասանելի դառնան»,- նշել է Դատաֆեսթ Երեւանի համակազմակերպիչ Զավեն Նավոյանը։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից է, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Շվեյցարիայից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Սաուդյան Արաբիայից, Իռլանդիայից։

Համաժողովի շրջանակում ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ HuggingFace, DeepMind, eBay, NVIDIA եւ այլն, ներկայացրել են տվյալագիտության, մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները ու տեղի ունեցող զարգացումները։

Համաժողովի ելույթների ձայնագրությունները հրապարակվելու են հաջորդիվ համաժողովի կայքում։

Համաժողովի կազմակերպիչներն են «Դատաֆեսթ Երեւան» հասարակական կազմակերպությունն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի Զաւէն եւ Սոնիա Ագեան բնագիտության եւ ճարտարագիտության ֆակուլտետը: