17:31 | 31.08.22 | Նորություններ | 1415

Վիվա-ՄՏՍ-ը դիմում է իրավապահ մարմիններին

Վիվա-ՄՏՍ-ն այսօր հանդես է եկել հետեւյալ հաղորդագրությամբ.
 
««Ժողովուրդ» օրաթերթն ու փոխկապակցված armlur.am կայքը համառորեն շարունակում են տարածել հրապարակումներ առ այն, թե իբր ««ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունն ադրբեջանցիներին բջջային քարտեր է տրամադրել (բաժանել)»:
 
Սույնով Վիվա-ՄՏՍ-ը դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ դատախազություն ու ՀՀ ոստիկանություն՝  «Ժողովուրդ» օրաթերթի ու armlur.am կայքի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու խնդրանքով՝ պարզելու համար թե լրատվամիջոցն այդ ի՞նչ փաստերի է տիրապետում եւ տեղեկատվական ինչպիսի՞ աղբյուրներից է օգտվում/տիրապետում, որ հաշվի չառնելով Վիվա-ՄՏՍ-ի բազմատիվ հերքումները եւ պարզաբանումները, ինչպես նաեւ հենց լրատվամիջոցի կողմից հրապարակված՝ ԱԱԾ-ից վերջինիս ստացած պատասխանն առ այն, որ (մեջբերում)՝ ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորներն Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել», համառորեն շարունակում է պնդել, թե իբր սոցհարցումների համար Վիվա-ՄՏՍ-ի կողմից տրամադրած հեռախոսահամարներն օգտագործվել են ադրբեջանցիների կողմից՝ ՀՀ քաղաքացիներից ազգային անվտանգությանը վերաբերող կարեւոր տեղեկություններ կորզելու նպատակով:
 
Վիվա-ՄՏՍ-ը հայտնում է պատրաստակամություն՝ աջակցելու իրավապահ մարմիններին՝ նշված հարցի բազմակողմանի եւ ամբողջական քննության գործում։
 
Ընկերությունը տեղեկացնում է, որ այլեւս չի արձագանքելու «Ժողովուրդ» օրաթերթի/armlur.am փոխկապակցված կայքի նույնաբովանդակ շարունակական հրապարակումներին, համարելով դրանք ընթերցողների նկատմամբ ոչ այլ ինչ, քան տեղեկատվական մանիպուլացում եւ Վիվա-ՄՏՍ-ի գործարար համբավն արատավորելու փորձ ու տեղեկատվական շանտաժ»: