17:48 | 26.07.22 | Հոդվածներ | exclusive 2508

manot-ը AI մոդելների վարքագծի կանխատեսումներ է անում

Չինար Մովսիսյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, հետո տեղափոխվել է Ֆրանսիա՝ Գրենոբլի համալսարանում ուսանելու։

Երկրորդ կուրսից տարվել է նեյրոնային ցանցերով, մեքենայական ուսուցմամբ ու արհեստական բանականությամբ (ԱԲ) ու իր առաջին աշխատանքում սկսել է զբաղվել համակարգչային տեսությամբ (Computer vision):  

Չինարը 2020-ին վերադարձել է Հայաստան ու ընկերների հետ հիմնադրել manot ստարտափը, որը պատկերացումներ է տալիս hամակարգչային տեսության մոդելների վարքագծի մասին, երբ դրանք բախվում են անսպասելի սցենարների և անոմալիաների:

manot-ի գաղափարի, գործառույթների ու առաջիկա նպատակների մասին Չինարը պատմել է iTel.am-ին։

Գաղափարն ու հիմնադրումը

Հայաստան եկա պատերազմից մի քանի օր առաջ: Մտածում էի, որ ինչ-որ նոր բան պետք է սկսեմ ինքս անել: Պատերազմի ընթացքում էլ հասկացա, թե ինչքան խնդիրներ կան դրոնից ստացված նկարների ու տվյալների հավաքագրման ընթացքում կիրառվող տեխնոլոգիայի, ստեղծվող համակարգչային տեսության մոդելների և իրական կյանքում օգտագործելու հետ ու վերջնական որոշեցի հիմնել իմ ստարտափը։

Ֆրանսիայում սովորելիս ու աշխատելիս՝ տվյալների հետ եմ աշխատել, առնչվում էի ռադարից ստացված նկարների հետ ու անընդհատ խնդիրների էինք հանդիպում դրանց հաշվին ստեղծված մոդելների իրական կյանքում կիրառության մեջ, ինչը ժամանակի գրեթե ամբողջ մասն էր գրավում։

Սկզբում բավականին դժվար էր՝ տեխնիկական կրթություն էի ստացել ու բիզնես ոլորտը նոր էր ինձ համար։

Չինար Մովսիսյանը Չինար Մովսիսյանը
photo © Մեդիամաքս


Այդ ժամանակ Hero House-ում AI ինկուբացիոն ծրագրի սուփերվայզեր էի, որտեղ էլ ծանոթացա Հայաստանի ՏՏ էկո-համակարգի մարդկանց հետ։ Համակուրսեցուս ու կոլեգայիս առաջարկեցի միասին սկսել, համաձայնեցին ու զրոյից սկսեցի սովորել ստարատափի նրբությունները։ Հայաստանի ստարտափ ակադեմիայի դասընթացներին զուգահեռ մշակեցինք պրոդուկտը։
 
Բիզնեսի տեսանկյունից էլ փնտրտուքների մեջ էինք՝ շուկաներ, ինդուստրիաներ, թե որտեղ կարող ենք թիրախավորում անել՝ smart գյուղատնտեսությունից մինչեւ քաղաքային պլանավորում, պաշտպանության ոլորտ եւ այլն։

Smart գյուղատնտեսության մեջ ավելի խորացանք ու հունիսից սկսեցինք վաճառքները։ Այնուհետև սկսեցինք փոխել ու բարելավել գործառույթները ու այլ ուղղությամբ տարանք ստարտափը։

Նպատակը, գործառույթներն ու հնարավորությունները

manot-ը ինսայթներ է մատակարարում hամակարգչային տեսության մոդելների վարքագծի մասին, կանխատեսում է հնարավոր անսպասելի սցենարները:

Խնդիրն այն է, որ արհեստական բանականության համակարգերի ու մոդելների վերապատրաստման տվյալների բազայի և իրական աշխարհի միջև շատ տարբերություններ ու անհամապատասխանություններ կան։ Ցանկացած մոդել կարող է ձախողվել, երբ այն տեղադրվում է իրական աշխարհում արտադրության համար: Հնարավոր չէ նախապես համակարգը ճշգրիտ աշխատանքի համար պատրաստել։

photo © Մեդիամաքս


Մեր նպատակն է կանխատեսել անսպասելի սցենարները, որպեսզի տվյալների հավաքագրումը և վերլուծումը համապատասխանի իրական աշխարհի մարտահրավերներին:

Մեր ինսայթները կարող են օգտագործել ձեռնարկատերերը, տվյալագիտության թիմերը, պրոդուկտ մենեջերները տվյալների մշակումը իրական աշխարհին համապատասխանեցնելու համար, դրանց շնորհիվ ավելի ընդգրկուն դարձնել իրենց տվյալների բազան և բարելավել տվյալների հավաքման ճշգրտությունը:

manot-ի թիմը

Այսօր թիմում 5 հոգի ունենք՝ սկսեցի այս ամենը իմ համակուրսեցու ու կոլեգայի հետ, հետո թիմը մեծացավ։ Աստղիկի հետ մարքեթինգի գործով զբաղվեցինք, իսկ Հովհաննեսի հետ պատերազմից եկած զինվորներին տվյալագիտութուն էինք դասավանդում ու այդտեղ էինք ծանոթացել։ Իրենք երկուսն էլ համահիմնադիր դարձան։
 
Մրցակիցներն ու առանձնահատկությունը

Շուկայում լավ ընկերություններ կան ու մրցակցությունը մեծ է։ Մեր լուծումն այնպիսին է, որ օգտագործվում է կամայական համակարգչային տեսության պրոդուկտների մշակման (Сomputer vision product development) մեջ։

Տվյալների հավաքագրումն ավելի մեխանիկական գործ է, մենք աշխատում ենք այդ մեխանիկական գործն արդեն իսկ արածների հետ։ Ավտոմատացումն էլ իր հերթին ապահովում է ժամանակի ու ծախսի կրճատում։  

manot-ը թույլ է տալիս արագացված տվյալների մշակում և կատարելագործում` արագացնելով  իրական աշխարհից ստացված տեղեկատվության մշակման ժամանակը՝ կրճատելով այն ամիսներից մինչև շաբաթներ։ Ինչն էլ թույլ է տալիս համակարգչային տեսության վրա հիմնված ընկերություններին զգալիորեն կրճատել ծախսերը։

Թիրախն ու շուկան

Այս պահին ակտիվ աշխատում ենք Միացյալ Նահանգների ու Հնդկաստանի ուղղությամբ, նաեւ Իսպանիայի, Գերմանիայի շուկաների հետ ծրագրեր ունենք։ Հնդկաստանում բավականին ակտիվ ենք ու պիլոտային ծրագրեր ենք իրականացնում։

Չինար Մովսիսյանը Չինար Մովսիսյանը
photo © Մեդիամաքս


Վերջերս Հայաստանի առաջին արբանյակը Երկրի ուղեծիր ուղարկվեց իսպանական Satlantis-ի միջոցով։ Հնարավոր է, որ Satlantis-ից ստացված տվյալները մենք մշակենք։ Այս կազմակերպության հետ նախկինում պիլոտային ծրագրեր արել ենք ու հաջող համագործակցել ենք։

Ներդրումներն ու առաջիկա ծրագրերը

Այս տարվա հունվարին փոքր ներդրում ստացանք։ Հիմա արդեն նոր ներդրումներ ենք ներգրավել։  Նաեւ դիմել ենք Բերկլիի համալսարանի SkyDeck աքսելերացիոն ծրագրին։

Նունե Գրիգորյան