10:58 | 21.07.22 | Հոդվածներ | exclusive 3395

Superwize.me հարթակը կօգնի ՏՏ ոլորտի սկսնակներին

Այսօր ՏՏ ոլորտը մեծ պահանջարկ ունի, սակայն շատերի առջեւ մինչ նոր մասնագիտական հմտություններ յուրացնելը ծագում է մեկ այլ խնդիր․ ինչպիսի՞ նեղ մասնագիտացում ընտրել, ինչպե՞ս գրագետ կազմակերպել ուսուցման պրոցեսը։

Superwize.me հարթակի ֆունկցիան կրտսեր մասնագետների համար ոլորտի փորձառու մասնագետներին հասանելիություն ապահովելն է նոր՝ ճկուն եւ արդյունավետ ձեւաչափով՝ հաշվի առնելով կոնկրետ դիմորդի հմտությունները, մասնագիտացումը, հետաքրքրությունները։

Հարթակի համահիմնադիր Վահե Քարամյանը iTel.am-ի հետ զրույցում նշել է, որ հարթակը նախագծելիս առաջնային խնդիր են սահմանել աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանությունը։

«Լավ մասնագետների պահանջարկը մեծ է, միեւնույն ժամանակ, կան լավ ներուժով մասնագետներ, որոնք արագ պատրաստվելու հնարավորություն չունեն։ Մյուս կողմից էլ ավելի քիչ քանակով, բայց ունենք լավ մասնագետներ, որոնցից ճկուն ու արդյունավետ ձեւով գիտելիքներ ստանալու հնարավորութուն չկա»,- բացատրում է Վահեն։

Superwize.me հարթակում ձեռք բերելով խորհրդատվական փաթեթ՝ դիմորդը հնարավորություն է ստանում ընտրել ոլորտի փորձագետ մենտոր եւ նրա հետ ունենալ անհատական խորհրդատվություն, համատեղ մշակել մասնագիտական զարգացման կամ փոփոխության պլան՝ ադապտացված դիմորդի փորձին ու նպատակին։ Կապը շարունակվում է նաեւ զարգացման պլանի մշակումից հետո՝ 4 շաբաթների ընթացքում եւ եզրափակվում կրկնակի ամփոփիչ խորհրդատվությամբ։

«Ներկայում հարթակում ունենք 13 մենտոր։ Նրանց ընտրում ենք երկու սկզբունքով. մենտորը պետք է իր ոլորտի լավ մասնագետ լինի եւ դասավանդման կամ մենտորության որոշակի փորձ ունենա։ Նախաձեռնությանը միանալու նրանց գլխավոր շարժառիթը համայնքին հետ վերադարձնելու գաղափարն է, սեփական փորձով ոլորտով հետաքրքրված մարդկանց հետ կիսվելը։ Խորհրդատվական ամբողջ փաթեթի արժեքը սահմանել ենք 60 դոլար, մինչեւ հուլիսի 21-ը ներառյալ կարող են 50 տոկոս զեղչով ձեռք բերել»,- ասում է Վահեն։

Հարթակը մշակվել է ACA-ի Product Academy ծրագրի մասնակիցների կողմից։ Թիմում 4 հոգով են՝ երկու պրոդուկտ մենեջեր եւ երկու դիզայներ։

Նունե Գրիգորյան