15:14 | 07.07.22 | Նորություններ | 1652

ԱՏՁՄ-ում քննարկվել է Հայաստանի թվային օրակարգը

Հուլիսի 6-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԱՏՁՄ) տեղի է ունեցել քննարկում «Հայաստանի թվային օրակարգը» թեմայով։ Բանախոսներն էին Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը եւ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը։

Քննարկվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը եւ ծրագրերը, մասնավոր ոլորտի, մասնավորապես՝ ԱՏՁՄ հետ համագործակցության մեխանիզմները։

«Ոլորտի նպատակն է թվային տեխնոլոգիաների ներդրմամբ բարձրացնել աշխատանքի եւ արտադրության արդյունավետությունը, տեխնոլոգիական ընկերությունների համար պատվեր եւ պահանջարկ ձեւավորել, ինչը կարեւոր հիմք կլինի նոր տեղական տեխնոլոգիական արտադրանքի եւ ծառայությունների  ստեղծման, ինչպես նաեւ դրանց արտահանման համար։ ԱՏՁՄ-ն շարունակական մասնակցություն կունենա Հայաստանի թվային հասարակության ներդրման եւ զարգացման գործում», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Հայաստանի թվայնացման օրակարգը եւ էլեկտրոնային կառավարումը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ռազմավարական հիմնական ուղղություններից է։