13:45 | 30.06.22 | Նորություններ | 2091
Ռոստելեկոմը կառուցել է Ռոբոտաշինության ուսուցման լաբորատորիա Արարատի մարզի Շաղափ գյուղում:
Այն կառուցվել է Շաղափի Լեւոն Ղազարյանի անվան միջնակարգ դպրոցում եւ ապահովված է պրակտիկ դասընթացների համար բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ռոբոտաշինության համար նախատեսված Լեգոյի պրոֆեսիոնալ հավաքածուներ, համակարգիչներ, հեռուստացույցներ, հատուկ հարմարեցված կահույք ու անհրաժեշտ կահավորանք։ Ռոստելեկոմը նաեւ կազմակերպել է ռոբոտաշինության ուսուցիչների վերապատրաստման դասընթացները՝ հոգալով բոլոր ծախսերը։
Այսուհետ Շաղափ գյուղի 8 տարեկան եւ ավելի բարձր տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախել ռոբոտաշինության անվճար դասընթացների, ծանոթանալ նորարար տեխնոլոգիաներին՝ ստանալով ՏՏ ոլորտի պրակտիկ գիտելիքներ եւ հմտություններ։
Դեռեւս 2021 թ-ի դեկտեմբերին մեկնարկել է «Նվիրի՛ր երազանք» նախագիծը, որի շրջանակում Ռոստելեկոմը եւ ընկերության բաժանորդները միասին ստանձնել են Հայաստանի համար տեխնոլոգիապես ավելի հզոր ապագա կերտելու առաքելությունը։
«Նվիրի՛ր երազանք»-ը ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերից է, որի շրջանակում յուրաքանչյուր նոր բաժանորդագրության մեկ ամսվա վճարի 30%-ը ուղղվել է ՀՀ մի շարք բնակավայրերում երեխաների համար ռոբոտաշինության լաբորատորիաների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը:
«Ուրախ ենք փաստել, որ հստակ քայլերով գնում ենք դեպի այն տեխնոլոգիական երազանքը, որը կերտում ենք Հայաստանի երեխաների համար։ Շաղափ գյուղում ռոբոտաշինության լաբորատորիայի բացմամբ մենք կատարեցինք մեր հերթական ներդրումը, որպեսզի ապագայում ունենանք տեխնոլոգիապես ավելի զարգացած Հայաստան: «Նվիրի՛ր երազանք» նախագիծը իր տեսակով յուրօրինակ է, քանի որ այս դեպքում մեր բաժանորդներն իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել ծրագրի կայացման գործում․ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հավասար հնարավորություններ են ստեղծվում տարբեր սոցիալական խմբերի երեխաների համար՝ անկախ բնակվելու վայրից։ Ձեռք բերելով բարձր տեխնոլոգիական գիտելիքներ ու պրակտիկ հմտություններ՝ Շաղափ գյուղի երեխաները ոչ միայն կստանան որակյալ կրթություն, այլեւ՝ նորը բացահայտելու մեծ ներուժ եւ մոտիվացիա՝ զբաղվելու ապագայի մասնագիտություններով»,- նշել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Ռոստելեկոմը հիմնել էր ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան Գյումրիում: Հատկանշական է, որ Գյումրիի լաբորատորիայի սաները (GDL թիմը) շատ կարճ ժամանակ անց գրանցեցին իրենց առաջին եւ լուրջ հաղթանակը՝ «Լեգոստարտ» մրցույթի հանրապետական փուլում գրավելով 1-ին պատվավոր հորիզոնականը։ Իսկ առաջիկայում Գյումրիի լաբորատորիայի սաները արդեն 2 թիմերով կմասնակցեն Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին։