Սմարթֆոնների համաշխարհային շուկայում 2022 թվականի մայիսին վաճառքները նվազել են 4% ամսական եւ 10% տարեկան կտրվածքով, ըստ Counterpoint Research-ի զեկույցի: Անկումը պայմանավորված է տարբեր գործոններով, սակայն հիմնական պատճառներն են գնաճը, Չինաստանում արտադրական տեմպերի դանդաղումը եւ ուկրաինական ճգնաժամը, գրում է GizmoChina-ն։
«Գնաճային ճնշումներն ամբողջ աշխարհում հանգեցնում են սպառողների հոռետեսական տրամադրություններին. մարդիկ սկսում են հետաձգել երկրորդային գնումները, այդ թվում՝ սմարթֆոնները»,- նշել է հետազոտության տնօրեն Տարուն Պատհակը։
Զեկույցում ասվում է, որ Չինաստանի արգելափակումը վնասում է ներքին պահանջարկը եւ խոչընդոտում մատակարարման համաշխարհային շղթային: Իսկ ուկրաինական ճգնաժամը հանգեցրել է Արեւելյան Եվրոպայում սմարթֆոնների պահանջարկի նվազմանը։
Սպասվում է, որ սմարթֆոնների համաշխարհային վաճառքն ամբողջ ամառ աճի տեմպեր չի ցուցաբերի։ Այնուամենայնիվ, շուկան կարող է վերականգնվել տարվա երկրորդ կիսամյակում՝ հիմնականում պայմանավորված Չինաստանում իրավիճակի բարելավմամբ եւ տեխնոլոգիաների մատակարարման շղթայում առաջարկի ու պահանջարկի հավասարակշռմամբ։
Քովիդի համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ 2020 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակներում սմարթֆոնների ամսական վաճառքն ընկել էր 100 միլիոն միավորից: