16:30 | 14.06.22 | Նորություններ | 1730
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021 թ. Նոբելյան մրցանակակիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը այցելել են Սինոփսիս Արմենիա ընկերություն։
Սինոփսիս Արմենիայի նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրել է Հայաստանում իրականցվող կրթական ծրագրերը՝ կիրառելով նորարար մոտեցումներ եւ բուհ-արտադրություն համագործակցության վրա հիմնված կրթական մոդելներ։
«Երբ մենք գնահատում ենք այսօրվա հնարավորությունները ՀՀ-ում, հասկանում ենք, որ կարող ենք մեր գիտելիքով աշխարհին ներկայանալի դառնալ։ Այն մարդիկ եւ ընկերությունները, որոնք զբաղված են արտադրությամբ եւ ավելի լավ են պատկերացնում ապագան, նրանք ներդրումներ են անում կրթության մեջ», - նշել է նախագահ Խաչատուրյանը։
Հյուրերը զրուցել են ընկերության աշխատակիցների հետ, անդրադարձել նրանց հետաքրքրող հարցերին:
«Պետք է մեծ երազանքներ ունենալ։ Բայց ամենակարեւորը՝ պետք է կապ ստեղծել ձեր մեծ երազանքների ու գործնականության միջեւ։ Հենց այդտեղ է ստեղծվում կարեւոր արդյունքը։ Ես կարծում եմ, որ մենք չպետք է շփոթենք գործնականը հեշտի հետ, գործնականը պարզապես «իրագործելի» է նշանակում: Եվ այդ միաձուլումը հենց այն տեղն է, որտեղ մոգական բաներ են տեղի ունենում»,- նշել է Արդեմ Փաթափությանը:
«Անչափ կարեւորում եմ նման հանդիպումները, քանի որ դրանք տալիս են երկխոսության, անձնային ֆորմատով մտքերի եւ փորձի փոխանակման, ինչպես նաեւ հաջողության պատմությունների մատուցման հնարավորություն, ինչն այսօր կենսականորեն կարեւոր է մեր երիտասարդ ճարտարագետների եւ գիտությամբ զբաղվողների համար իրենց մասնագիտական կարիերան եւ գիտական գործունեությունը ճիշտ եւ արդյունավետ կազմակերպելու համար»,- նշել է Սինոփսիս Արմենիայի նախագահ Երվանդ Զորյանը: