16:02 | 03.06.22 | Նորություններ | 1966

Հայտնի են Synergy Hackathon 2022-ի հաղթողները

Ամփոփվել են Synergy Hackathon 2022-ի արդյունքները և հայտնի են հաղթող թիմերը։

Ձայնային օգնական, խելացի տան համակարգեր, աշխատակիցների ինտենսիվ շփումն ապահովող հարթակ. նման և այլ տեխնոլուծումներն իրականացել են 24 ժամում:  

Մրցույթի 1-ին հորիզոնականում էր Synergy-ի ԴՆԹ-ի թվային քարտեզը ստեղծած թիմը, 2-րդ հորիզոնականում է p2p մեխանիզմով տվյալների զուգահեռ մուտքագրման համակարգը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրել է ձայնային օգնական ստեղծող թիմը։

Hackathon 2022-ին 130-ից ավելի մասնակից, 11 թիմում 24 ժամ աշխատեց՝ ծրագրավորման մրցույթին փորձելով ստեղծել թվային ու նորարար լուծումներ:

Նախորդ տարիներին ստեղծված տեխնոլոգիաներից շատերն այսօր օգտագործվում են Synergy Armenia-ում:

«Այս մրցույթին ստեղծված գաղափարներից շատերն ունեին բիզնեսի տեսանկյունից բարձր արժեք, ուստի հաղթողներին ընտրելն էլ բավականին դժվար էր: Մեր ընկերությունը բավականին մեծ է. ունենք մասնաճյուղեր Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, և բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներին միավորելու, նրանց ստեղծագործելու ազատություն տալու տեսանկյունից շատ ենք կարևորում միջոցառումը և ամեն տարի մեծ մասշտաբով իրականացնում»,- նշել է Synergy-ի հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը:

Գաղափարները գնահատվել են ըստ նորարարության ու ստեղծարարության, իրագործման կատարելության և բիզնես արժեքի: Հաղթողները ստացել են թիմային հանգստյան փաթեթներ: