17:04 | 01.06.22 | Նորություններ | 1728
Telcell-ը եւ Հայէկոնոմբանկը խորացնում են գործընկերային հարաբերությունները եւ առաջին անգամ ներկայացնում Telcell Wallet էլ. դրամապանակից օնլայն եղանակով բանկային հաշվի բացման առանձնահատուկ լուծումը:
Այն խթանելու է անկանխիկ գործառնությունները, ապահովելու է տրամադրվող ծառայությունների անվտանգությունը եւ հարմարավետությունը հաճախորդների համար:
Այս լուծումը թույլ է տալիս անվճար բանկային հաշիվ բացել անմիջապես Telcell Wallet էլ. դրամապանակում եւ այդ հաշիվը համալրել Telcell-ի ավելի քան 4 000 տերմինալներով ողջ Հայաստանում ու Արցախում: Բանկային հաշվին համալրած գումարը անմիջապես փոխանցվում է Telcell Wallet-ի հաշվին։
«Սա նոր մակարդակի գործակցություն է՝ ուղղված բանկի եւ վճարահաշվարկային կազմակերպության ներուժի արդյունավետության բարձրացմանը, շուկայում նոր ստանդարտների ամրագրմանը, հաճախորդներին հարմարավետ ու ապահով ծառայությունների մատուցմանը, միաժամանակ՝ համահունչ ՀՀ Կենտրոնական բանկի բաց բանկինգի ռազմավարությանը»,- նշված է կողմերի համատեղ հաղորդագրությունում:
Telcell Wallet-ով հնարավոր է 450-ից ավելի ծառայությունների դիմաց ցանկացած պահի ակնթարթորեն վճարել օնլայն ռեժիմում։ Կատարել QR-ով վճարումներ, փոխանցումներ քարտից քարտ, ստանալ վարկեր, կուտակել BONուսներ եւ շատ ավելին։