16:39 | 13.05.22 | Նորություններ | 1862

Podcastle-ը կհամագործակցի աշխարհի առաջատար Acast փոդքասթային ընկերության հետ

Աշխարհի առաջատար անկախ փոդքասթային ընկերությունը՝ Acast-ը հայտարարել է Podcastle-ի հետ համագործակցություն սկսելու մասին։ Ինչի արդյունքում Podcastle-ի ձայնագրման և խմբագրման ծրագրակազմը հասանելի կդառնա Acast-ի օգտատերերին։

Podcastle-ը AI տեխնոլոգիաների միջոցով թույլ է տալիս իրականացնել պրոֆեսիոնալ մակարդակի փոդքասթներ եւ ձայնային այլ նախագծեր։

Acast փոդքասթերներն այժմ կարող են անվճար հասանելիություն ստանալ Podcastle-ի գործառույթներին անմիջապես իրենց վեբ բրաուզերից։

«Podcastle-ի հետ մեր համագործակցության շնորհիվ Acast-ի յուրաքանչյուր ստեղծողի այժմ հասանելի է ստուդիայի որակի ծրագրային ապահովում՝ բոլորովին անվճար»,- ասել է Acast-ի պրոդուկտի մենեջեր Ջենի Աբոնդը։

«Podcastle-ի ինտուիտիվ ձայնագրման և խմբագրման գործիքների հավաքածուն Acast-ի տարածման և դրամայնացման հսկայական հարթակի հետ համատեղելով՝ փոդքասթերներն այժմ իսկապես ունեն մեկ պատուհան իրենց հեռարձակման բոլոր կարիքները բավարարելու համար»,- նշել է Podcastle-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտո Երիցյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ հիմնադիրներ ունեցող Podcastle-ը ստացել է հեղինակավոր Webby Awards  մրցանակ՝ Ստեղծագործական արտադրության լավագույն ծրագրակազմ (Best Creative Production Software) անվանակարգում։
Ընկերությունը նախորդ տարի ներգրավել է $7 մլն ներդրում։ Մեկ տարուց քիչ ժամանակ է պահանջվել, որպեսզի այն ունենա 200 հազարից ավել օգտատեր եւ երկու շրջափուլով ներգրավի մոտ 9 մլն դոլար։