11:39 | 26.04.22 | Նորություններ | 1560

Իլոն Մասկը ձեռք է բերում Twitter-ը 44 միլիարդ դոլարով

Twitter-ն ընդունել է ընկերությունը Իլոն Մասկին մոտ 44 միլիարդ դոլարով ($54,2 մեկ բաժնետոմսի համար) ձեռք բերելու առաջարկը։ Tesla-ի գործադիր տնօրենն անվանել է իր «լավագույն և վերջնական» առաջարկը սոցիալական ցանցի համար, գրում է Reuters-ը։

Twitter-ի տնօրենների խորհրդի անկախ նախագահ Բրեթ Թեյլորն ասել է, որ տնօրենների խորհուրդն Իլոն Մասկի առաջարկը գնահատելու մտածված եւ համապարփակ գործընթաց է ձեռնարկել՝ հատուկ ուշադրություն դարձնելով արժեքի, արժանահավատության եւ ֆինանսավորման վրա: «Առաջարկվող գործարքը կբերի զգալի դրամական պարգեւ, եւ մենք կարծում ենք, որ սա լավագույն ուղին է Twitter-ի բաժնետերերի համար»,- նշել է նա:

Միաժամանակ նշվում է, որ դեռևս հավանականություն կա, որ գործարքը կարող է չեղարկվել վերջին պահին:

Նշենք, որ ապրիլի 14-ին Մասկն առաջարկել է գնել Twitter-ը մեկ բաժնետոմսի դիմաց 54,2 դոլարով։ Անցյալ շաբաթ գործարարը բացահայտեց Twitter-ի հնարավոր ձեռքբերման ֆինանսավորման աղբյուրները: Morgan Stanley բանկը համաձայնել է Մասկին 12,5 միլիարդ դոլարի մարժա վարկ տրամադրել՝ Tesla-ի բաժնետոմսերի գրավադրմամբ: Ցուցակում կան մի քանի այլ բանկեր եւս, Մասկն ինքը պատրաստ է տրամադրել 21 մլրդ դոլար․ մինչ այդ Մասկը արդեն գնել էր Twitter-ի 9,2% բաժնետոմսերը։